| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, այլև հայ-չինական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացումը և համատեղ նոր նախագծերի մշակումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար՝ Վան Շենհունը նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը: Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի խոսքով՝ իրենց այցի նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ նոր քայլերի իրականացմանը նպաստելն է: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Հանրային խորհրդի և ՉՏՍԽ-ի միջև համագործակցության սերտացմանը, նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաև հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի: