կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 20:34
Քաղաքական

Է. Նալբանդյան. Հայաստանը մեծապես կարեւորում է միջուկային անվտանգության ամրապնդումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Ամանոյին` Միջուկային անվտանգությանը նվիրված այս կարեւոր համաժողովը կազմակերպելու համար:

Այն լավ հնարավորություն է ընձեռում գնահատելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովների, 2013թ. Միջուկային անվտանգության եւ ԱԷՄԳ Գլխավոր համաժողովների շրջանակներում ընդունված որոշումների ու պայմանավորվածությունների իրականացման արդյունքում արձանագրած առաջընթացը, ինչպես նաեւ քննարկումներ անցկացնելու եւ անդրադառնալու մեր համատեղ ջանքերին՝ ուղղված միջազգային միջուկային անվտանգության հետագա ամրապնդմանը: Այս առումով Նախարարական մակարդակով ընդունվելիք ամփոփիչ հռչակագիրը կուղղորդի առավել արդյունավետ համընդհանուր միջուկային անվտանգություն հաստատելու մեր համատեղ աշխատանքները:

Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խաղում է համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում եւ այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման եւ համակարգման գործում:

Հայաստանը մեծապես կարեւորում է միջուկային անվտանգության ամրապնդումը եւ՛ ազգային, եւ՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման եւ իրականացման, ինչպես նաեւ այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Հատկանշական է, որ 2015թ.-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման եւ ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին եւ հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության եւ անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականացվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը:

Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձեւով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են ինչպես արդեն իսկ իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ եւ գալիք քայլերին:

Մենք ակտիվ ներգրավված ենք նաեւ միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը եւ Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի Կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն էլ ավելի ամրապնդելու համար:

Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն եւ կանոնավոր համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի եւ համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի Կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության եւ մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: Մասնավորապես, ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները եւ գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, եւ հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել:

Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, անհարգալի վերաբերմունք դրսեւորելով ԱԷՄԳ-ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ, փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը համապատասխան պայմանագրերին, ինչպես նաեւ ԱԷՄԳ երաշխիքների համաձայնագրին եւ լրացուցիչ արձանագրությանը։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»: