կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 21:26
Սպորտ

Մեր հիմնական նպատակն օլիմպիական ուղեգրերն են. Լևոն Ջուլֆալակյան

 Մեր հիմնական նպատակն օլիմպիական ուղեգրերն են. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն է անցկացնում «Օլիմպավանում»։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է ծրագրերից և սպասելիքներից։

-Պարոն Ջուլֆալակյան, ինչպիսի՞ ներուժ ունի Եվրոպայի առաջնությանը մեկնող այս կազմը։

-Այս տարվա մեր ամենագլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Քանի մեդալ կլինի Եվրոպայի առաջնությունից եւ ինչ գույնի, այս պահին կարեւոր չէ։ Մեզ համար ամենակարևորը Օլիմպիական խաղերի ուղեգրերն են, որոնց առյուծի բաժինը խաղարկվելու է Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Եվրոպական խաղերի համար։ Մինչև 16-րդ տեղ զբաղեցրած ըմբիշները հնարավորություն կստանան մասնակցել Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին։ Մի շարք մարզաձևեր Եվրոպայի առաջնությանն այս տարի փոխարինում են Եվրոպական խաղերով։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ըմբշամարտն էլ այդպես լիներ։ Չեմ ցանկանում ասել, որ Խաղերի կարգավիճակն ու կարևորությունն արժեզրկվել են։

-Հնարավո՞ր է, որ Եվրոպական խաղերին մեկնի երիտասարդ կազմ։

-Ուղեգրեր ձեռք բերելու դեպքում դեռ կմտածենք՝ ինչ կազմով հանդես կգանք։ Ըմբիշները հանդես են գալու 6 քաշային կարգերում։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացնենք։ Եվրոպայի առաջնությունից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Նորից եմ ասում, Եվրոպական խաղերը ևս կարևոր են թե՛ երկրի, թե՛ մարզիկի համար։ Խաղերն անցկացվում են 4 տարին մեկ և այդտեղից մեդալ ունենալը ևս կարևոր է մարզիկի կարիերայում։

-Արթուր Ալեքսանյանն ինչպե՞ս է զգում իրեն։

-Արթուրն արդեն լիարժեք մարզվում է։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ լավ կլինի։

-Արսեն Ջուլֆալակյանը ևս ընդգրկվել է Եվրոպայի առաջնությանը մեկնող կազմում։ Ինչպիսի՞ մարզավիճակում է նա, հասցնո՞ւմ է համատեղել քաղաքականությունն ու սպորտը։

-(Ժպտում է): Այս հարցը հաճախ են տալիս։ Արսենը դեռ պատանեկան տարիքից սիրել է, որ իր ծանրաբեռնվածությունն անհամեմատ մեծ լինի։ Նման ենք իրար։ Ինքն էլ է անհանգիստ, անդադար։ Այսինքն՝ էությամբ հանգիստ մարդ է, բայց էներգիան անընդհատ պետք է ծախսի և ճիշտ ուղղությամբ։ Նա միշտ մեծ տեղ է տվել ուսմանը և լավ է սովորել, ինքնակրթությամբ է անընդհատ զբաղվել և ամեն ինչ հասցրել է։ Այժմ էլ նույնն է՝ դեռ չի կարողանում հանդարտվել: Իմ կարծիքով՝ Արսենը միշտ եղել է նպատակասլաց, կամային բարձր հատկանիշներով։ Դնում է իր առջև նպատակներ և ամեն ինչ անում դրանց հասնելու համար։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։