Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանը ինքը չի ցանկացել դառնալ ՀԷՑ-ի 100 տոկոսի սեփականատերը եւ պահանջել է, որ իր հետ այս ընկերությունում բաժնետերեր լինեն մի քանի հայ ազդեցիկ օլիգարխներ: Իսկ նրա տրամաբանությունը շատ պարզ է:
Մինչեւ այժմ ՀԷՑ-ն աշխատել է հետեւյալ տրամաբանությամբ. Հայաստանի իշխանությունը ՀԷՑ-ում ունեցել է կադրային նշանակումներ կատարելու իրավունք, եւ այնտեղ նշանակված տարբեր ղեկավարներ գրեթե իրենց ուզածի չափով թալանել են ՀԷՑ-ը: Թալանել են այնպես, որ ինչ-որ բան էլ մնա ռուսական ընկերությանը: Բայց քանի որ թալանը միայն առաջին հայացքից է հնարավոր վերահսկել, իսկ իրականում այն օր օրի ավելացել է, ընկերությունը կրել է վնասներ, եւ այդ վնասը փոխհատուցելու համար անընդհատ անհրաժեշտ է եղել բարձրացնել սակագինը:
Հիմա եթե Սամվել Կարապետյանը միայնակ է ձեռք բերում ՀԷՑ-ը, նա ստիպված պետք է լինի միայնակ պայքարել այդ թալանի եւ թալանողների դեմ: Իսկ դրանք սովորական կամ շարքային քաղաքացիներ չեն, այլ տարբեր կարգի պետական պաշտոնյաների զավակներ եւ ազգականներ: Եթե Կարապետյանը սկսեր պայքարել այդ թալանի դեմ, նա միանգամից կդառնար ազգի թշնամի, քանի որ թալանը համարվում է այդ մարդկանց սրբազան իրավունքը, իսկ դրա դեմ պայքարողը՝ իրենց անձնական թշնամին: Բայց խնդիրը միանգամից փոխվում է, երբ գործի մեջ են մտնում նաեւ տեղացի հայ օլիգարխներ, որոնք համարում են, որ եթե ինչ-որ մեկը փորձի իրենցից մի կոպեկ գողանալ, ապա դրա դիմաց ստիպված կլինի պատասխան տալ իր ամբողջ ունեցվածքով:
Մի քանի աղմկոտ պատմություն հոսանքի գողությամբ զբաղվողների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, եւ բոլորը կհասկանան, որ այս ընկերությունում նոր կարգեր են եւ նոր հարաբերություններ, եւ պետք է համակերպվել դրա հետ: Իհարկե, գողությունը ընդհանրապես բացառել չի կարելի, բայց որ այն այլեւս չի լինի համակարգված՝ միանշանակ է»: