Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 2011թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված` պաշտոնյաների տներ թալանած հայտնի բանդայի գործը: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Գործով առաջին դատական նիստը նշանակված է մարտի 5-ին:
Նշենք, որ գործով 4 ամբաստանյալների պաշտպաններն էլ պահանջել են ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը:
Մասնավորապես` Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը միջնորդել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ա.Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մերժելու դեպքում նրա արարքը ՀՀ քր.օր. 222 հոդ. 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով և սահմանել մեղմ պատիժ:
Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջել է բեկանել և իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել գործն ըստ էության լուծող` արդարացման վերաբերյալ դատական ակտ:
Արտուշ Հակոբյանի (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) պաշտպան Հովիկ Արսենյանն էլ միջնորդել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: Ծայրահեղ դեպքում` նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության:
Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը:
Հիշեցնենք, որ դատավոր Մակյանի վճռով` ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) արդարացվել էր ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Գործով ամբաստանյալներ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման: