կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 13:08
Մշակույթ

Ջազն այնպիսի երաժշտություն է, որ նվագում ես այն, ինչ զգում ես` չկառչելով նոտաներից. Հյուբերտ Թաբսը Երևանում է

Ջազն այնպիսի երաժշտություն է, որ նվագում ես այն, ինչ զգում ես` չկառչելով նոտաներից. Հյուբերտ Թաբսը Երևանում է

Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 17-19-ը տեղի կունենա ջազի փառատոն` Yerevan Jazz Fest-2015-ը: Այն կազմակերպել է նորաբաց` Ջազի հայաստանյան ասոցիացիան: Բացումը տեղի կունենա այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել անվանի ավստրիացի ջազմեն Հյուբերտ Թաբսը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է, որ հենց այս առիթով` ջազի փառատոնին մասնակցելու համար է այստեղ: «Ջազի շունչը զգում եմ Երևանում: Ես արդեն հանդիպեցի իմ մի քանի հայ ընկերներին, ֆենոմենալ երաժիշտներ են: Գրողը տանի, ձեր ուտելիքը շատ համեղ է, մարդիկ` հյուրասեր, քաղաքը` գեղեցիկ: Ես լավ ժամանակ եմ անցկացնում այստեղ»,- ասաց Թաբսը:

Հարցին, թե երբևէ հայկական ջազ լսե՞լ է, պատասխանեց, թե հայկական ջազը նույնն է, ինչ բոլոր ջազերը: «Ինձ չի հետաքրքրում, թե որ երկրինն է այն: Ինչ ես լսում եմ, ինչ ինձ դուր է գալիս` կարևորը երաժշտությունն է, լավ երաժշտությունը: Ինձ, առհասարակ, հետաքրքրում է լավ ջազ երաժշտությունը, որի տակ էլ ես մեծացել եմ: Իմ հայրը սիրում էր բլյուզ, և մեր տանը միշտ դա էր հնչում: Ջազը… ջազն այնպիսի երաժշտություն է, որ դու նվագում, երգում ես այն, ինչ զգում ես, և չես կառչում նոտաներից»,- ասաց երաժիշտը:

Նա տեղեկացրեց նաև, որ փառատոնի օրերին կատարելու է կլասիկ ջազ և անգամ հայ լսարանին ծանոթ գործերը ներկայացնելու է այնպես, որ նոր ստեղծագործության նման են հնչելու:

«Բաց չթողնեք համերգները»,- իր խոսքն ամփոփեց Թաբսը: