Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 17-19-ը Երևանում տեղի կունենա Ջազի միջազգային փառատոնը, որի շրջանակներում համերգով հանդես կգա Հյուբերտ Թաբսը: Մինչ Հայաստան ժամանելը` փառատոնի կազմակերպիչները զրուցել են Թաբսի հետ:
Նա նշել է, որ միայն ֆանք չի երգում, և սիրում է երաժշտության բոլոր ժանրերն ու ոճերը՝ ջազ, ռոք-ն-ռոլ, ռիթմ-ն-բլյուզ, բլյուզ, քանթրի… «Սիրում եմ այն երաժշտությունը, որը կպչում է սրտիս, և այդ առումով` դժվարանում եմ որևէ ժանր կամ ոճ առանձնացնել։ Ես նույնիսկ դասական ստեղծագործություններ եմ կատարել և պետք է խոստովանեմ, որ ամենադժվարը Ave Maria-ն ստացվեց։ Իսկ ընդհանրապես` ես առաջնորդվում եմ «Կիսի՛ր քո երաժշտությունն ամբողջ աշխարհի հետ» սկզբունքով»,- ասել է Թաբսը։
Նա խոսել է նաև ավստրիահայ Մայք Մոսեսյանի մասին և նշել, որ Մայքը, ասես, հայկական Ֆրենք Սինատրան լինի: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, լավ ենք հասկանում իրար։ Ես մեծ հաճույք եմ ստանում նրա համերգներից և կարծում եմ, որ նա էլ նույնը կարող է ասել իմ ելույթների մասին։ Իսկ ամենակարևորը՝ Մայքը կարգին տղա է։ Եթե նրան մի բան խնդրես, և եթե նա կարող է դա անել, ապա վստահ եղիր՝ անպայման կանի: Իմանալով, որ Հայաստան եմ գալու, Մայքը կապվեց իր երևանյան ընկերների հետ ու խնդրեց նրանց, որպեսզի իմ կողքին լինեն, եթե ինձ մոտ ինչ-որ խնդիր լինի կամ օգնության կարիք ունենամ։ Մի խոսքով՝ հիանալի մարդ և իսկական ընկեր է»,- ասել է Թաբսը։
Նա խոստովանել է` իրականում Հայաստանի մասին շատ բան չգիտի, սակայն բոլոր այն հայերը, ում հանդիպել է Ավստրիայում, հրաշալի մարդիկ են, միշտ պատրաստ օգնության հասնել, անգամ` եթե դուք գրեթե անծանոթ եք, և նրանք սեփական խնդիրների պակաս չունեն: «Այնպես որ` անհամբեր սպասում եմ ձեր երկրի ու մարդկանց հետ հանդիպմանը»,- նշել է երաժիշտը:
Թաբսը երևանյան համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, որոնց ելույթը նա միայն առցանց է լսել և ցնցված է մնացել կատարման որակից։
«Հուզմունքով եմ սպասում հայ երաժիշտների հետ հանդիպմանը, ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ ելույթ ունենալը, և ես վստահ եմ, որ դա մեծ ու արժեքավոր փորձ է լինելու ինձ համար։ Լսելով նվագախմբի կատարումը՝ ես զգացի, թե ինչպես են հայ երաժիշտները մոտենում ստեղծագործության կատարմանը՝ բաց հոգով ու սրտով»,- ասել է Թաբսը: