կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 14:32
Մշակույթ

ՀՊԵՆ-ն այն եզակի կոլեկտիվներից է, որտեղ մարդիկ իսկապես նվագում են հուզումնալից ու կրքոտ. Միրան Վոպոտիչ

 ՀՊԵՆ-ն այն եզակի կոլեկտիվներից է, որտեղ մարդիկ իսկապես նվագում են հուզումնալից ու կրքոտ. Միրան Վոպոտիչ

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայացնում բազմաթիվ պրեմիերաներ: Փառատոնի հերթական համերգի պրեմիերաները միանգամից երեքն էին. առաջին անգամ Հայաստանում ներկայացվեցին Ջակոմո Պուչինիի Սիմֆոնիկ պրելյուդը, Նինո Ռոտայի Ֆագոտի կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Ֆերդինանդ Դավիդի Կոնցերտինո տրոմբոնի և նվագախմբի համար (մենակատար՝ Վահրամ Դավթյան (տրոմբոն)։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 5-ը։ Երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ հանդես եկան նվագախմբի մենակատարները։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Միրան Վոպոտիչը (Խորվաթիա)։

Դիրիժոր Միրան Վոպոտիչը, խոսելով Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին, նշեց, որ երբ ժամանում էր Հայաստան, չէր սպասում, թե նման լավ նվագախմբի կհանդիպի. «Սա այն եզակի կոլեկտիվներից է, որտեղ մարդիկ իսկապես նվագում են հուզումնալից ու կրքոտ, ինչը ոչ բոլոր նվագախմբերին է բնորոշ։ Երևում է՝ նրանք իրապես սիրում են իրենց աշխատանքը։ Նվագում են՝ զգալով միմյանց։ Ինչ նրանք անում են, նվիրված է երաժշտությանը»:

Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն էլ նշեց, որ Նինո Ռոտան, որի գործն ինքը կատարել է երեկոյի ընթացքում, հանրությանը հայտնի է որպես կինոնկարների համար գրված երաժշտության հեղինակ, սակայն նա ստեղծագործել է նաև ակադեմիական ժանրում. ունի սիմֆոնիաներ, տարբեր գործիքների համար գրված կոնցերտներ։ Պողոսյանն ասում է, որ Նինո Ռոտայի Ֆագոտի կոնցերտն այնքան էլ հաճախ չի հնչում։

«Նոր ստեղծագործություններ կատարելն ինձ համար հետաքրքիր է, քանի որ դրանցով ավելի շատ նոր բան կա ասելու, բացի այդ՝ երաժշտի առաքելություններից է ունկնդրին ծանոթացնել նաև հազվադեպ կատարվող գործերի հետ ու զարգացնել ճաշակը»,- ասաց նա: