Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է կոմպոզիտոր և ռոք երգիչ Այդին Դավուդին:
«Քարավանը»` անդրադարձ «մշտական» ժանրին
Օրերս մեծ աժիոտաժ առաջացրեց իմ կողմից «Քարավան» երգի կատարումը, այն Ցեղասպանության զոհերի հիշատակին էր նվիրված: Ժողովրդական երգը հենց իր հնչեղությամբ էլ կատարում էի: Սա առաջին անգամ չէր, որ ռոքից անցում էի կատարում ժողովրդականի, քանի որ ես առաջին հերթին դասական կոմպոզիտոր եմ, ով, ժանրը փոխելով, սկսել է ռոք երգել: Բայց ուզում եմ ասել նաև, որ այնպես չէ` ռոքը թողել եմ, ես սա կանվանեի անդրադարձ իմ մշտական ժանրին: Բացի այդ` հասկանալով «Քարավան» երգի թեմայի ողբերգական լինելը, ինչպես նաև ռոք երաժշտության` բողոքական լինելը, ինչը մի քիչ շատ էր Ցեղասպանության թեմայի համար, որոշեցի երգը ներկայացնել ինչպես որ կա, առանց ռոքի տարրեր ավելացնելու: Սակայն հանկարծ թող չթվա, թե ռոքի մեջ շատ է բողոքը, քանի որ, ռեփի համեմատ, ռոքը, այո, ներկայացնում է բողոք, բայց ստեղծագործության երկրորդ կեսում սկսում է լուծումներ առաջարկել ու իր կանչն է ներկայացնում` հեղափոխություն, իրականության դեմ պայքար… Ռեփը ներկայացնում է իրականությունը, իսկ ռոքը, բացի իրականությունը ներկայացնելուց, նաև լուծում է առաջարկում:
Իշխանությունը միշտ վերահսկել է մշակույթի ոլորտը և իր ճաշակը թելադրել
Ցավոք, Հայաստանի մշակութային կյանքի իրավիճակը նույնն է, ինչ մի շարք այլ երկրներում: Տարբեր երկրներում կա խնդիր` իշխանությունը միշտ վերահսկել է մշակույթի ոլորտը և իր ճաշակը թելադրել: Երաժշտի, մշակույթի գործչի գոյատևումը կախված է ժողովրդի հետ կապից, այսինքն` հանդիսատեսի հետ հարաբերությունից, սակայն երբ իշխանությունը փորձում է վերահսկել, արվեստի գործչին ենթարկում է վտանգի` ժողովրդի հետ կապն այլ հունի վրա են դնում, և շատերը ստիպված են լինում թողնել իրենց առաքելությունը: Սակայն դա չի նշանակում, որ արվեստագետը չգիտի` ինչ պետք է անել, ինչ ասել ժողովրդին, ինչ ուղղության վրա դնել ամեն ինչը, այսինքն` լուծումներին չի տիրապետում, ուղղակի վախը շատ է, որ իր կարիերան կտապալվի, դրա համար էլ, առհասարակ, քննադատություն չկա: Բոլորն էլ գիտեն` արվեստագետի խոսքը յուրաքանչյուր զենքից էլ ուժեղ է: Մեծ հեղափոխությունները, պատերազմները հաղթել կամ պարտվել են նաև մշակույթի գործիչների միջոցով, որովհետև նրանք են գաղափար տվողը և ժողովրդին ներշնչողը:
Երբեք չեմ վախեցել ու չեմ վախենա ազատ ու բաց արտահայտել կարծիքս
Ես թե՛ դասական, թե՛ ռոք ժանրում ինձ հարմար եմ զգում, բայց պետք է ասեմ, որ ռոքի կառուցվածքում կան շատ տարրեր, որոնք հենց դասականից են բխում, և իմ` ռոք երաժիշտ լինելը բխում է իմ` դասական կոմպոզիտոր լինելուց: Կարծում եմ` ես ավելի շուտ դասական կոմպոզիտոր եմ, քան ռոք, դասականն իմ «իրականությունն» է: Մյուս կողմից` ռոքի մեջ ազատությունը շատ-շատ է, ռոքը չունի սահմաններ, բացի այդ` հանդես գալով որպես ռոք երաժիշտ` ես միշտ իմ գաղափարախոսությունն եմ ունեցել: Իմ ստեղծագործությունների միջոցով նշել եմ այն խնդիրները, որոնց վախի մթնոլորտի պատճառով չեն կարողանում ոչ միայն լուծումներ տալ, այլ նաև, առհասարակ, անդրադառնալ: Երբեք չեմ վախեցել ու չեմ վախենա ազատ ու բաց արտահայտել կարծիքս: Մի քանի ստեղծագործությունների մեջ ավելի շատ աշխարհիկ և էմոցիոնալ թեմայի եմ անդրադարձել` կյանքի և ապրուստի, սիրո, սակայն առաջիկայում և՛ քաղաքական, և՛ ավելի արմատային խնդիրների եմ անդրադառնալու: Ես եթե անվախ չմոտենամ, երգերի միջոցով չասեմ կարծիքս, այլևս չեմ կարող ինձ լիարժեք ռոք երգիչ համարել:
Կան մարդիկ, ովքեր քաղաքային երգեր են երգում, և կան հատուկ ճաշակ փչացնողներ
Ռաբիս հասկացությունն ինձ համար անհասկանալի է, որովհետև մի բան է ռաբիսը` քաղաքային կամ «բանվորական» երաժշտությունը, մեկ այլ բան` այն, ինչ ճաշակ է փչացնում: Կան մարդիկ, ովքեր քաղաքային երգեր են երգում, և կան հատուկ ճաշակ փչացնողներ: Սովորաբար վերջիններիս հետ ավելի «խիստ» են վերաբերվում և չեն թողնում տարածել իրենց երաժշտությունը, բայց խոսքն այս դեպքում Հայաստանի մասին չէ: Հայերի մոտ ավելի շատ փողն է որոշիչը, քանի որ արվեստագետը գոյատևման խնդիր ունի, և հավատացեք` նրանք, ովքեր անճաշակ երաժշտություն են ներկայացնում, ճաշակով մարդիկ են, բայց քանի որ ուզում են բարեկեցիկ կյանքով ապրել, ստիպված դիմում են «անճաշակությանը», բայց դա իշխանության մեղքով է, ոչ թե նրանք են մեղավոր: Օրինակ` ԱՄՆ-ում քանթրի երաժշտությունը ամերիկյան ռաբիսն է, որը շատերը համարում են ճաշակով երաժշտություն, և այն ճաշակ չի փչացնում, քանի որ տեղի յուրաքանչյուր` արվեստի գործիչ կարողանում է իր արվեստով գոյատևել և ունենալ իր հասանելիք գումարը, այսինքն` ստիպված չի իջնում որոշ մակարդակի: Հայաստանում համակարգն այնպիսին է, որ փողն ու հնարավորությունն այն խավի ձեռքին է, ովքեր անճաշակ երաժշտություն են սիրում, և, նորից եմ ասում, սա արվեստագետի խնդիրը չէ` ովքեր ներկայացնում են անճաշակ երաժշտություն, մեղք չունեն, իրենք իրականում տարբերում են լավն ու վատը:
Հեղափոխություն է պետք
Հայաստանում ժողովուրդը կարիք ունի չվախենալու և իր մտքերն ազատ արտահայտելու, գուցե դա կոչենք հեղափոխություն, որպեսզի հեղափոխեն իրենց, իրենց ապրելակերպը, շրջապատն ու այն ամենը, ինչն իրենց կյանքն ավելի բարեկեցիկ կդարձնի: Մենք մեր ներսը, հոգին ու միտքը պետք է փոխենք, պետք է ազատ լինենք և այս դեպքում յուրաքանչյուր խնդիր կդառնա ցորենի հատիկի չափ, և լուծում գտնելն էլ ավելի հեշտ կլինի, քան լռելն ու հանձնվելը: Արվեստագետի ամենամեծ առաքելությունը հանդիսատեսին ոգեշնչելն է, որ ցանկացած իրադարձության առաջ անվախ լինեն:
Երբ երկրում խառնաշփոթ է տիրում, մտավորականները պետք է իրենց խոսքն ասեն
Մշակույթի գործիչն իր գործով պետք է ասելիքն ասի, բայց, միևնույն ժամանակ, համաձայն եմ նաև նրան, որ պետք է երբեմն նաև խոսքով հանդես գալ: Տեսեք` երբ երկրում խառնաշփոթ է տիրում, մտավորականները պետք է իրենց խոսքն ասեն. պահ է գալիս, որ ժողովրդի` տարիների ընթացքում ձեռք բերված վստահությունից պետք է օգտվել և խոսել կոնկրետ խնդիրների մասին, ոչ թե ակնարկել: Այսինքն` կան տեղեր, երբ ոչ թե քո գործով, այլ հենց խոսքով պետք է հանդես գաս, կանգնես ժողովրդի կողքին, իսկ, առհասարակ, եթե նվիրված ես քո գործին, երկուսն էլ անհրաժեշտ է` թե՛ քո գործով ասելիքդ ասես, թե՛ խախտես «լռությունը»:
Կ. Հ.