կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 16:57
Հասարակություն

Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք․ Ասկերանի ղեկավարը լքում է պաշտոնը

Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք․ Ասկերանի ղեկավարը լքում է պաշտոնը

Հարգելի հայրենակիցներ, թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սասուն Բարսեղյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։

Երախտապարտ եմ…

…Հազարավոր մկրատված կյանքեր, վիրավորներ, խավարված օջախներ, որդեկորույս մայրեր, սեւազգեստ այրիներ, գլխիկոր երեխաներ…

Կորսված մի ողջ սերունդ…

Ինչպիսի՜ սերունդ…

Ներող եղեք, տղերք…

Խոնարհումս ՀԵՐՈՍ նահատակներին։

Պատերազմի վեցերորդ օրը(!) ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԾԵՐԻ կառուցմանը։ Շրջանի աշխարհազորը, կամավորականը մասնակցեց մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։

Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։ Անվճար հաց՝ առաջնագիծ մեկնողներին, բնակչությանը…

Տեղահանվածների կարիքների հոգածութունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։

Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ։

Ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ընկերներ….

Իսկական ընկերներ…

Աշխատանքում եղել եմ ազնիվ, անկողմնակալ, անշահախնդիր։ Մաքուր եմ ներքին դատավորիս՝ ԽՂՃԻՍ հանդեպ։

…Իսկ լավագույն գնահատողը ժողովուրդն է, շարքային քաղաքացին…

Հաջողություն, բեղմնավոր աշխատանք հաջորդող ղեկավարին։

Հ.Գ. Պետական մտածելակերպը վերադասենք անձնականից։

Լինենք ՄԻԱՍՆԱԿԱՆ, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։

Ազգի պառակտումը, բզկտումը դեպի ՈՉ ՄԻ ՏԵՂ տանող ճանապարհ է։ Ներկայիս օրհասական պահին՝ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ, ԱՆԴՈՒՆԴ ՏԱՆՈՂ ճանապարհ է…

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, թողնենք անձնականը, միաբանվե՛նք։

Այլընտրանքը ԿՈՐԾԱՆՈՒՄՆ է, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ, ԳԱՂԹԻ ՃԱՄՓԱՆ…

Ազգովի նվիրվենք պետականաշինությանը, զինված ուժերի շուտափույթ վերականգնմանն ու արդիականացմանը, ժամանակակից բնագծերի, ամրաշինությունների ստեղծմանը։

Ասֆալտապատումներն ու տանիքներ փոխելը կսպասեն, սարսափելի ոչինչ չկա։

Իրավիճակի սրման դեպքում, ինչպես միշտ, կլինեմ մարտական ընկերներիս կողքին, խրամատներում։ Քանի միս ու արյուն եմ՝ զինվոր եմ։

Չկասկածե՛ք։

Թշնամուն շա՜տ ասելիքներ ունենք…

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱԿԱՎԻՆ ՉԻ՛ ԱՎԱՐՏՎԵԼ:

Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք։

Մեկնաբանություններին (քոմմենթներին), չեմ պատասխանի։

Այսքանը։

Լավ մնացեք։

ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ…»։