Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը խոստացել էր սուբսիդավորել օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի` նոր սակագնով հաշվարկված ծախսի տարբերությունը: Արդեն սեպտեմբերի 12-ից պատրաստ էին տվյալները: Սկայն բնակիչների շրջանում իրենց վճարելիք գումարի չափերի հետ կապված տարընթերցումներ են առաջացել: Yerkir.am-ի խմբագրություն դիմած բնակիչ-բաժանորդներն ահազանգում են, որ վճարում կատարելիս պատշաճ կերպով չեն ծանուցվում, թե որքան է կազմում իրենց վճարելիք գումարը, իսկ որքանն է պետությունը սուբսիդավորելու:
Այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Yerkir.am-ը կապ հաստատեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ:
«Այստեղ կա նաև մարդկային գործոնը, բանկի աշխատողի և վճարողի միջև կարող են տարընթերցումներ լինել, բայց դրանք շտկելի են: Նախ ասեմ, որ չպետք է վճարել սուբսիդիայի համար: Եթե, այնուամենայնիվ, վճարվել է, նշանակվում է` դա կլինի որպես կանխավճար: Շատ զանգեր կան այս հարցի հետ կապված: Հասկանո՞ւմ եք` ծրագիրը փոխվել է, այն գտնվում է բանկերում, բանկերն ադապտացնում են իրենց ծրագրին, այնտեղ հազար տեսակի խնդիր կարող է առաջ գալ: Բանկի աշխատողների համար էլ է սա նորություն»,- ասաց մամուլի խոսնակը` հավելելով. «Բանկի աշխատակիցները պատշաճ ծանուցվել են, իսկ եթե կան խնդիրներ, դրանք բանկի հետ են կապված և մեր կարգավորելիքը չեն: Մենք ուրբաթ օրը բոլոր բանկերին, փոստային բաժանմունքներին պատշաճ ծանուցել ենք: Տարբեր հարցեր կարող են առաջանալ, սա նոր ծրագիր է և ադապտացման փուլում է»:
Ըստ Սարջանյանի` ցանկացած տեղ վճարում կատարելիս բնակչին ասվելու է այն գումարը, որը նա պետք է մուծի: «Սուբսիդավորվող մասի հետ նա գործ չունի: Եթե կլինեն դեպքեր, երբ մարդը վճարել է ամբողջ գումարը` սուբսիդիան էլ հետը, ուրեմն, բնականաբար, այդ սուբսիդավորված գումարը կնստի որպես կանխավճար, և նա մյուս ամիս այդքան չափով քիչ կմուծի»,- տեղեկացրեց նա:
Անդրադառնալով տերմինալներով վճարումներին` ՀԷՑ-ի մամուլի խոսնակը նշեց. «Տերմինալներով վճարելու դեպքում էլ կտրոնի վրա գրված է լինում, թե որքան գումարն է սուբսիդավորվել, իսկ որքան գումարը պետք է վճարեն բնակիչները»:
Ի դեպ, նշենք, որ տերմինալներով վճարելու դեպքում, երբ բնակիչ-բաժանորդը փորձում է ճշտել իր սպառած էլեկտրաէներգիայի գումարը, տերմինալի ցուցատախտակին հայտնվում է նրա սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը, ներառյալ` սուբսիդավորված մասը: Բնակիչ- բաժանորդը վճարելուց հետո միայն կտրոնի վրա կարող է տեսնել, թե որքան գումարն է սուբսիդավորվել: Օրինակի համար նշենք` եթե բնակիչը ցուցատախտակին տեսնի 12 հազար դրամ, նա, հավանորեն, պետք է գուշակի, թե որքան է կազմում սուբսիդիան: Հետո արդեն, երբ վճարի ողջ 12 հազար դրամը և կտրոնը հայտնվի ձեռքին, արդեն կտեսնի սուբսիդավորված գումարի չափը և իր վճարելիք գումարի չափը: