Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօրվանից սկսած` էլեկտրաէներգիայի սպառողները կարող են վճարել օգոստոս ամսվա հաշիվները: Եվ առավոտից արդեն սկսվել է քաոսը` ինչպես սպառողների, այնպես էլ` բանկերի, փոստային բաժանմունքների աշխատակիցների շրջանում:
Այսպես` առավոտյան խմբագրություն ահազանգեց Yerkir.am-ի ընթերցող` հայտնելով, որ երկու օր առաջ 1-80` ՀԷՑ-ի տեղեկատվական հեռախոսահամարով ճշտել էր իր ծախսած էլեկտրաէներգիայի` օգոստոս ամսվա վճարը, որը կազմել էր 10 501 դրամ: Բայց այսօր բանկերից մեկում վճարում կատարելիս պարզել է, որ հոսանքի վարձը կազմում է ոչ թե 10 501, այլ 12 243 դրամ: Հաճախորդի հարցին, թե դա նախկին սակագնով վճարվելիք գումա՞րն է, թե՞ ներառում է կառավարության կողմից խոստացված փոխհատուցումը, բանկի աշխատակիցները պատասխանել են, որ իրենք էլ տեղյակ չեն, դեռ ոչինչ չեն պատկերացնում: Միայն վճարումից հետո, տեսնելով կտրոնը, սպառողը պարզում է, որ կտրոնում կա տեղեկատվություն, թե որքան պետք է վճարի սպառողը, իսկ կառավարությունը որքան պետք է փոխհատուցի: Ստացվում է, որ սպառողները ընկնում են շփոթմունքի մեջ, միայն վճարելուց հետո են պարզում, թե որքան պետք է վճարեին, եւ որքանը պետք է փոխհատուցեր կառավարությունը: Ի դեպ, մեր ընթերցողն այս ամենից հետո կրկին փորձել է 1-80 հեռախոսահամարով ճշտել գումարը, սակայն այս անգամ լսել է. «Բաժանորդային համարով տվյալներ չեն գտնվել»:
Գործը դժվարանում է հատկապես տերմինալներով վճարումների դեպքում, քանի որ տերմինալը ցույց է տալիս միայն վճարման ենթակա ընդհանուր գումարը` չմանրամասնելով` դրանից որն է սպառողինը, որը` կառավարությանը:
Ի դեպ, ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը ո\'չ երեկ, ո\'չ այսօր չի պատասխանում հեռախոսազանգերին, որ մեր մի շարք հարցերի պարզաբանումները ստանանք: Նշենք միայն, որ երեկ ՀԷՑ-ը կիսատ-պռատ հայտարարություն է տարածել խնդրի առնչությամբ: