կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 15:13
Տնտեսական

Բուհերը պետական բյուջե են մուծել շուրջ 3,9 մլրդ դրամ

Բուհերը պետական բյուջե են մուծել շուրջ 3,9 մլրդ դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության:

 

Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում` 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը և Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը:

 

Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը՝ 834 մլն 534 հազար դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Երևանի պետական համալսարանն է՝ 145-րդ տեղ (վճարել է 668 մլն 793 հազար դրամ), երրորդը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (286-րդ տեղ՝ 324 մլն 76 հազար դրամ), իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը չորրորդն է (291-րդ տեղ՝ 318 մլն 191 հազար դրամ):

 

Խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

 

Թվարկված կրթական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են մուծել շուրջ 3,9 մլրդ դրամ: Ի դեպ, նախորդ տարվա՝ 2011 թ. ցուցանիշը եղել է շուրջ 3,3 մլրդ դրամ: