կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-07 12:01
Քաղաքական

Ինչպես է էպոսագետը մուծել ընտրագրավը եւ ինչու Սերժ Սարգսյանին մրցակից չի համարում

Ինչպես է էպոսագետը մուծել ընտրագրավը եւ ինչու Սերժ Սարգսյանին մրցակից չի համարում

Նախագահի պաշտոնի` էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը թեեւ, ըստ ԿԸՀ ներկայացրած համապատասխան փաստաթղթի, չի աշխատում բայց կարողացել է մուծել 8 մլն դրամ ընտրագրավը: Որտեղի՞ց Վարդան Սեդրակյանին այդ գումարը, երբ թեկնածուներից շատերը հենց ընտրագրավը չմուծելու պատճառով հնարավոր է չգրանցվեն ԿԸՀ-ում:

 

Yerkir.am-ի այս հարցը փոքր-ինչ բարկացրեց էպոսագետ թեկնածուին: Նա նշեց, որ ՀՀ-ում չկա այնպիսի աշխատանք, որ մարդն աշխատի ու այդ աշխատավարձով կարողանա 8 մլն դրամ ընտրագրավ մուծել:

 

«Այդ գումարն իմ տարիների խնայողության, նաեւ իմ ընկերների օգնության արդյունքն է»,- հայտարարեց նա եւ ընդգծեց, որ գումարը վաղուց կար: Իշխանություններն այս հարցում չեն օգնել. վստահեցրեց նախագահի թեկնածուն: Ավելին` իշխանությունների հետ ինքը կապ չունի, ինչպես խոսում են ոմանք: «Եթե նման կապ լիներ իմ եւ իշխանությունների միջեւ, մի քանի օրվա ընթացքում ոչ միայն ողջ Հայաստանը կիմանար, այլեւ ամբողջ Անդրկովկասը: Նման բան չկա»,- հայտարարեց էպոսագետը:

 

Էպոսագետը ոչ մի թեկնածուի էլ մրցակից չի համարում: «Մրցակիցներ չունեմ, որովհետեւ իմ ծրագիրը երեք նախկին նախագահներին միավորելն է, երկիրը նման վիճակից դուրս հանելը»,- հայտարարեց նա:

 

Վարդան Սեդրակյանը մրցակից չի համարում նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նա բացառում է այն տրամաբանական տարբերակը, որ ընտրություններում հաղթելու է հենց Սերժ Սարգսյանը: Մեզ հետ զրույցում Սեդրակյանը հիշեցրեց, որ նախագահ ընտրվելու դեպքում նախկին երեք նախագահները լինելու են իր խորհրդականները:

 

Հարցին, թե ո՞ր արժանիքի համար ՀՀ քաղաքացին պետք է ընտրի իրեն, էպոսագետը պատասխանեց. «Էլ ո՞ւմ պետք է ընտրի, եթե ոչ ինձ, նախ` սկսենք դրանից: Հաղթանակից հետո իմ խնդիրն է ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորելը: Ես առաջնորդվում եմ էպոսի գաղափարախոսությամբ, ուրիշ ո՞ր գաղափարախոսությունը պետք է միավորի մարդկանց»:

 

Նախագահ ընտրվելուց հետո էպոսագետի առաջին քայլը լինելու է ԱԺ-ի լուծարում, խորհրդարանական նոր ընտրությունների նշանակումը: Հետո էպոսագետը պատրաստվում է Արցախը եւ ազատագրված տարածքները հռչակել ՀՀ անբաժանելի մաս, Նախիջեւանն էլ միացնել ՀՀ-ին:

 

Հարցին, թե ի՞նչ է ցանկանում մրցակիցներին, էպոսագետը նախ հստակեցրեց, որ պայքար, որպես այդպիսին, չի լինելու, ինքը մրցակիցներ չունի, իսկ առաջադրված թեկնածուներին առողջություն եւ երկար տարիների կյանք է մաղթում:

 

«Գուցե առաջարկեք, որ հանե՞ն թեկնածությունները` «խայտառակ» «պարտությունից» խուսափելու համար»,- հետաքրքրվեցինք նախագահի թեկնածուից: «Թող կրեն պարտություն, ինչո՞ւ եք խանգարում այդ մարդկանց: Խայտառակ կլինեն, թե` ոչ` իմ ի՞նչ գործն է, ես հաղթելու եմ»,- հայտարարեց Սեդրակյանը: