Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Հոլոբիկյան Հ.-ն հետագայում պատմել է, որ օրը ցերեկով թուրքերը դուրս էին հանում տներից տղամարդկանց ու գանակոծում փողոցում: Իսկ իր հորը՝ Մանուկ Հոլոբիկյանին, բանտում զենք պահելու պատրվակով սաստիկ ծեծել, խոշտանգել են՝ մարմնին հասցնելով կաղնե գավազանների բազում հարվածներ: Հունիսի վերջին մոտ 800 հոգուց բաղկացած քարավանի հետ դուրս են եկել գյուղից և շարժվել դեպի արևմուտք: Քայլել են անդնդախոր ձորերով: Հուլիսյան շոգից լերկ ժայռերը շիկացել էին: Ջուր էին աղերսում հարյուրավոր շուրթեր, բայց ջուր չկար:
«Իմ ծննդավայրը՝ Բերրին, համանուն գետի աջ ափին փռված հայաշատ փոքր քաղաք էր: Այն գտնվում էր Խարբերդ նահանգի հյուսիսարևելյան մասում և Չարսանջաք գավառի վարչական կենտրոնն էր, որին թուրքերը Փերի էին անվանել:
Հոլոբիկյանների գերդաստանի առաջին շառավիղի չորրորդ ընտանիքն իմ հոր՝ Մանուկ Հոլոբիկյանի ընտանիքն էր, որը Մեծ եղեռնի նախօրյակին բաղկացած էր հինգ անդամներից՝ հայրս՝ 54 տարեկան, մայրս, որի անունը Սուլթան էր, մոտ 45 տարեկան, ես՝ 13 տարեկան, Ասատուր եղբայրս՝ 7 տարեկան և մեր քույրիկ Լյուսյան՝ 4 տարեկան:
Երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ես ընդամենը տասներկուսուկես տարեկան էի: Ավարտել էի ծննդավայրիս վեցամյա դպրոցը: Անցան ամիսներ, գլորվեց տարին: 1915 թվի առաջին ամիսներին բանակից փախավ եկավ մեր հայրենակից Տիգրան Չախմախչյանը: Փախուստի էր դիմել՝ իմանալով, որ մոտակա զորամասերում զինաթափել և սպանել են հայ զինվորներին: Այս լուրը շանթահարեց բոլորին. զգացվում էր, որ սև ամպեր էին կուտակվում:
Հունիս ամսի սկիզբն էր: Մայրս և Վարդիկ բաջին ցորեն էին մաղում՝ ջրաղաց ուղարկելու համար: Այդ պահին հարևան տան տանիքին երևացին ոստիկան Մուսթաֆան, զաբթիա Ահմեդ օնբաշին: Թուրք ոհմակը մի քանի օր առաջ ներխուժել էր առաջնորդարան ու դպրոց՝ զենք ու «քոմիթաջիական» գրականություն հայտնաբերելու պատրվակով: Օրը ցերեկով դուրս էին հանում տներից տղամարդկանց ու գանակոծում փողոցում: Թուրք ոհմակը ներխուժեց մեր տուն: Կոխկրտելով կարպետին փռված ցորենը՝ նրանք մտան սենյակները, խուզարկեցին բոլոր անկյունները: Ահմեդ օնբաշին գանակոծում էր հորս և զենք պահանջում: Նրան ձերբակալեցին ու տարան բանտ: Ատրճանակ թաքցնելու պատրվակով մորս էլ տնային կալանքի ենթարկեցին: Մենք երեք երեխաներով մնացինք անտեր: Ես վազեցի այն տունը, որտեղ փակված էր մայրս: Մայրս ներսից նկատեց ինձ և արցունքն աչքերին, հեկեկալով կարողացավ ասել, որ գնանք Գրիգոր հորեղբորս տուն: Մայրիկիս խորհուրդը ես կատարեցի: Գրիգոր հորեղբորս քաղաքագլուխ լինելու հանգամանքն օգնեց, որ անսպասելիորեն հորս և մորս ազատ արձակեցին: Հորս բանտում սաստիկ ծեծել, խոշտանգել էին՝ մարմնին հասցնելով կաղնե գավազանների բազում հարվածներ:
Հունիսի վերջին շուրջ 800 հոգուց բաղկացած քարավանի հետ դուրս եկանք գյուղից և շարժվեցինք դեպի արևմուտք: Քիրվա Ալին իր երկու ձիերով ուղեկցում էր մեզ: Քարավանը ղեկավարողը Ահմեդ օնբաշին էր՝ 30 ձիավոր զինված զաբթիաների ուղեկցությամբ: Քարավանում հիմնականում կանայք ու երեխաներ էին: Հորեղբորս յոթ հոգուց բաղկացած ընտանիքն էլ էր մեզ հետ: Հորեղբորս սպանել էին: Դեմրչի քրդական գյուղի զառիվեր ճանապարհով բարձրանալիս աղիողորմ լացուկոծ լսվեց: Հորեղբորս երեք աղջիկներին էին փախցնում: Հորեղբորս կինն աղեկտուր լալիս էր աղջիկներից բաժանվելու համար, բայց նրանց կյանքն իսկապես փրկեցին: Տարիներ անց Վերգինեն, Վերժինեն, Վարսենիկը բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով գնացին հաստատվեցին Ամերիկայում՝ իրենց ավագ եղբոր մոտ:
Գնում էինք անդնդախոր ձորերով: Հուլիսյան շոգից լերկ ժայռերը շիկացել էին: Ջուր էին աղերսում հարյուրավոր շրթունքներ, բայց ջուր չկար: Օրվա երկրորդ կեսին ուժասպառ քարավանը հասավ Վերին Խազանդերե քրդական գյուղը: Ահա այստեղ, պատեհ առիթից օգտվելով, քիրվա Ալին մեզ թաքցրեց գյուղի տներից մեկի ախոռում: Կես ժամից քարավանը շարժվեց, նրա հետ նաև հայրս: Չկարողացանք վերջին անգամ տեսնել մեր սիրելի հայրիկին: Տարիներ անց միայն իմացա, որ զաբթիաները մի գիշեր քարավանից անջատել են 17 տղամարդկանց և տանելով մոտակա ձորը, բոլորին կացնահարել: Դրանց մեջ է եղել նաև հայրիկս:
Քարավանի հեռանալուց մի քանի ժամ հետո քիրվա Ալին վերադարձավ, թաքստոցից հանեց մեզ, տեղավորեց իր ծանոթ քրդի տանը և խոստացավ մի շաբաթ հետո տանել Բերրի: Իրիկուն էր, մութը դեռ չէր ընկել, երբ հանկարծ մեր ապաստանած տան առաջ մի ձիավոր զաբթիա երևաց: Նա եկել էր քրոջս հետևից:
Մայրիկս շտապ թաքցրեց ինձ ու եղբորս, որպեսզի թուրք ոստիկանը մեզ չտեսնի: Նա մայրիկիս ասեց, որ տանում է աղջկան ապագա հարսնացու իր տղայի համար, որ մայրիկս երբ որ ցանկանա կարող է գնալ ու տեսնել աղջկան: Մայրս ընդդիմանալ չէր կարող: Նա լավ գիտակցում էր, որ զաբթիան ամեն գնով տանելու էր քույրիկիս: Ձիու քառատրոփ վազքից բարձրացած փոշու ամպի մեջ ընդմիշտ անհայտացավ մեր հոգու հատորը՝ փոքրիկ Լյուսյան: Տարիներ հետո միայն իմացա, որ մորից զրկվելու վշտին չդիմանալով, քույրիկս կարոտից հիվանդացել ու մահացել էր:
Մի շաբաթ անց քիրվա Ալին եկավ, բայց միայն մորս համաձայնվեց տանել Բերրի, իր տուն, բայց խոստացավ, որ որոշ ժամանակ անց ինձ ու եղբորս էլ կտանի: Մենք մնացինք մեզ ապաստան տված Գյուլլի բաջու տանը: Նա ինձ առաջարկեց հովիվ դառնալ:
Օրեր անցան, սակայն քիրվա Ալին այդպես էլ չեկավ, արդեն պարզ էր, որ նա այլևս չէր գալու մեր հետևից: Գյուլլի բաջին հրաժարվեց մեզ իր տանը պահել, ուստի ես, եղբորս ձեռքից բռնած, ուղղվեցի դեպի խոջայի տունը, որպեսզի մեզ աշխատանքի տեղավորի գյուղում: Խոջան համաձայնվեց. ինձ ընդունեց իր տանը որպես ծառա, իսկ եղբորս էլ խոստացավ տեղավորել ուրիշ աշխատանքի:
Նոր էինք տեղավորվել խոջայի տանը, երբ իմացանք, որ մեզ մի զինվորական է փնտրում: Դա Շյուքրի էֆենդին էր, նա մեր հետևից էր եկել մորս խնդրանքով: Հասանք Բերրի և ապաստանեցինք Շյուքրի էֆենդիենց տանը: Հաջորդ օրն առավոտյան մայրիկս եկավ: Մայրիկս մեկ ինձ էր համբուրում, մեկ եղբորս: Ասելու շատ բան կար… Մեր ապահովության մասին մտածելով, որոշեցին ինձ ուղարկել Մեծկերտ՝ Շյուքրի էֆենդու տուն, որը Բերրիից ավելի ապահով կլիներ…
Սեպտեմբերի սկզբներին Շյուքրի էֆենդին գործով գնացել էր Խարբերդ: Նրա մեկնելու հաջորդ օրը նամակ ստացա մայրիկիցս, որով տեղեկացնում էր, որ Չմշկածագից տեղափոխվել է Խարբերդ՝ Ասատուրի հետ: Ուզում էի օր առաջ գնալ Խարբերդ՝ չսպասելով Շյուքրի էֆենդու վերադարձին: Օր առաջ շտապում էի տեսնել մայրիկիս: Մայրիկիս և եղբորս ես գտա Խարբերդ քաղաքի «Լեղի» աղբյուրի մոտ: Այդ երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ 1916 թվականի սեպտեմբերին…Եվ այդպես մենք իրար գտանք և հավաքվեցինք մի հարկի տակ: Մայրս առաջվավա նման Խարբերդի թուրք պաշտոնյաների տներում լվացք էր անում: Ես ոչ մի աշխատանքից չէի խորշում: Ձմռան ամիսներին թուրքերի տների տանիքների ձյունն էի մաքրում, իսկ 1917 թվի մարտի սկզբներին սկսեցի աշխատել թուրք էսքիջի (կոշիկ նորոգող) Մահուի մոտ: Երկու ամիս սովորեցի և կատարելագործեցի արհեստս, սկսեցի ինքնուրույն աշխատել: Մորս հետ կարողանում էինք մեր ապրուստը վաստակել:
1925 թվականի գարնանը մորս ու եղբորս ճանապարհեցի Մարսել: Նրանք մշտապես հաստատվեցին այնտեղ:
Ես Հալեպից անցա Թավրիզ, ուր քսան օր մնալուց հետո, սովետական հյուպատոսարանից մուտքի վիզա ստացա և 1925 թվականի հոկտեմբերի 25-ին հասա Երևան:
Ընդունվեցի Երևանի պետական համալսարանի իրավատնտեսագիտական ֆակուլտետը, որն ավարտեցի 1929 թվին:
Ընտանիք կազմեցի, երկու զավակների հայր դարձա: Իմ աշխատանքային 56 տարիներից 46-ն անցան հայրենիքում: Ժողդատավոր էի, այնուհետև՝ տնտեսագետ, իրավաբան»:
Հոլոբիկյան Հ., Անմոռանալի անցյալ (Մեծ եղեռնից վերապրողի հուշեր), Ռուս-հայկական համագործակցության հիմնադրամ, 1995, էջ 8-124, 128 էջ: