Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ չեչեն գրոհային Բասաևը կռվել է Աբխազիայում, հանրահայտ է, իսկ հայերի դեմ նրա մղած մարտական գործողությունների մասին գիտեն քչերը: Դա հենց իր՝ Բասաևի «վաստակն է», որը «հպարտանալու» որևէ բան չուներ այս հարցում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետ, Աֆղանստանն անցած գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը 1996 թվականին պատմել է հետևյալը. «Բասաևը 1993 թվականին կռվել է այստեղ, Աղդամի մատույցներում: Եթե մենք այն ժամանակ գիտենայինք, որ նա այդքան ողբերգական դեր է խաղալու Ռուսաստանի պատմության մեջ, կթքեինք բոլոր միջանցքների վրա և կվերացնեինք նրա խմբավորումը» (Աղդամի գրավման ժամանակ հայկական զորամիավորումները քաղաքում մնացած խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել, որից օգտվեցին նաև զինվորականները, այդ թվում՝ չեչենները նույնպես):
Անատոլի Զինևիչը Բասաևի մասին խոսում էր վատ թաքցրած արհամարհանքով. «Մենք որսացել էինք նրա ռադիոբանակցությունները, որոնց ժամանակ նա բառացիորեն աղաչում էր օգնական ուժեր ուղարկել իրեն: Հետագայում Բասաևը խոստովանել է, որ Ղարաբաղում կռվելը նպատակահարմար չէ. ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»:
Ինքը՝ Բասաևը, 2000 թվականին հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որի ժամանակ ընդունել է իր մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին. «Մենք Ղարաբաղ եկել էինք ոչ թե ռազմական հաղթանշանների համար, այլ հանուն Ջիհադի»: Սակայն, պատմում էր Բասաևը, «երբ մենք տեղ հասանք և տեսանք իրադրությունը, հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշույլ իսկ չկա»: Նա ասում էր, որ ադրբեջանական բանակում շատ քիչ են բարձրաստիճան հրամանատարները, որոնց «կարելի էր վստահել»: Բացի այդ, հայտարարեց Բասաևը, «հայերն ավելի լավ էին պատրաստված պատերազմին»:
Շամիլ Բասաևն ասում էր, որ Շուշիի անկումը պայմանավորված էր անհրաժեշտ կազմակերպվածության բացակայությամբ և ադրբեջանական զորքերի ղեկավարման անճարակությամբ: Նրա խոսքով՝ «100 զինված մարդ կարող էին Շուշին մի տարի պահել»: Բասաևն ասում էր նաև, որ վերոհիշյալ պատճառներից ելնելով էլ իրեն ենթակա չեչենական խմբավորումները Ղարաբաղից դուրս բերելու որոշում է կայացրել 1993 թվականին:
2000 թվականին Բասաևը, չգիտես ինչու, հաճախ էր հիշում Հայաստանի և Ղարաբաղի մասին: Հունիսին նա բաց նամակով դիմել է Իրանի ղեկավարությանը և գրել. «Ինչո՞ւ եք ընդդեմ Ադրբեջանի օգնում Հայաստանին, երբ ադրբեջանցիները մեծամասնությամբ՝ և դավանանքով, և էթնիկ պատկանելությամբ, ձեր մերձավոր ազգակիցներն են»:
Իսկ նույն թվականի հոկտեմբերին, ըստ երևույթին մոռանալով հայերի դեմ կռվելու դառը փորձը, Շամիլ Բասաևը նամակ է գրում Հեյդար Ալիևին:
Finansical Times թերթը 2002 թվականին գրում էր, որ, իր տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաև դաշտային հրամանատար Խատաբը, որը վերացվել էր նույն՝ 2002 թվականին, Բասաևի մահից 4 տարի առաջ:
Բասաևի նամակը
Ադրբեջանի պրեզիդենտ Հեյդար Ալիևին
/հատված/
Հանուն բարեգութ Ալլահի
Բարձրագույն ռազմական Մաջլիսուլ Շուրից
Ադրբեջանի պրեզիդենտ Հեյդար Ալիևին
Նախ և առաջ կամենում ենք հավաստիացնելԱդրբեջանի պրեզիդենտին և ի դեմս նրա ամբողջ ադրբեջանական ժողովրդին, որ մենք լիովին աջակցում ենք ձեր արդարացի պայքարին հանուն ձեր ազգային անկախության և տարածքային ամբողջականության:
Մենք միշտ ուշադիր հետևում ենք Ադրբեջանի իրադարձություններին և Ադրբեջանի ժողովրդի ցանկացած ողբերգություն ընդունում իբրև մերը:
Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չորս կողմից շրջապատված է թշնամիներով: Իրանը, որը պետք է լիներ ձեր բնական դաշնակիցը, մեծավ մասամբ վարում է հայամետ քաղաքականություն: Դա գիտակցելը դառն է: Ալլահը տեսնում է, մենք լրջորեն մտադիր ենք օգնելու Ադրբեջանի մահմեդական ժողովրդին, այն բանից հետո, երբ պարտության մատնենք ռուսական նվաճողներին: Եվ կասկած չունենք, որ այդ օրը հեռու չէ:
Երկրորդ, 1994 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ պատերազմի ողջ ընթացքում և մինչև հիմա մենք զգում ենք ադրբեջանական ժողովրդի բարոյական աջակցությունը: Մեր վիրավորներից, հաշմված և ավարառված մեր քաղաքացիներից շատերը օգնություն և ապաստան են գտել ձեր հանրապետությունում:
Մենք դա չենք մոռանա:
…
Կովկասի մոջահեդների բարձրագույն ռազմական Շուրի անունից՝
Աբդուլլահ Շամիլ Բասաև
Նյութում օգտագործված են հատվածներ՝ «Մեդիամաքս» գործակալության հրապարակումից