|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մեկ ամսից կլրանա Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործի նյութերով հարուցված նոր քրեական գործով անցնող մեղադրյալ Արա Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու վեց ամիսը, և քանի որ նրան մեղսագրված հանցանքը համարվում է միջին ծանրության, նախաքննական մարմինն այլևս իրավունք չունի երկարաձգելու այն:
Yerkir.am-ի հետ զրույցում Արա Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ մինչ այսօր քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել: «Պատճառաբանում են, թե մի շարք քննչական գործողություններ կան իրականացնելու, սակայն այս պարագայում անհասկանալի է, թե ինչու այդ գործողությունները չէին իրականացվում կալանքի տակ գտնվելու նախորդ 5 ամիսների ընթացքում, և այս պարագայում արդյո՞ք նախաքննական մարմինը ցուցաբերել է բավարար ջանասիրություն»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ ընդամենը մեկ ժամ են քննչական գործողություն կատարել:
Նշենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Խաչատրյանը օգոստոսի 1-ին հացադուլ էր հայտարարել և պահանջում էր կա\'մ գործն ուղարկել դատարան և այնտեղ որոշել իր մեղավորությունը, կա\'մ խափանման միջոցը փոխել: Գործը քննող քննիչը խոստացել էր հայտարարել նախաքննության ավարտի մասին, և այդ հույսով էլ Խաչատրյանը դադարեցրել էր հացադուլը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այս գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանությունից հետո նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել Լյովիկի մերձավորների բնակարաններում, ինչից հետո էլ մի քանի անձինք կալանավորվել էին: Ըստ նախաքննական մարմնի՝ Արա Խաչատրյանը Երրորդմասցի Լյովիկի մերձավորն է, սակայն ինքը՝ Խաչատրյանը, հերքում է այդ փաստը:
Մնում է ենթադրել, որ, այս գործը հարուցելով, նախաքննական մարմինը նպատակ է ունեցել ցույց տալու, թե իբր Լևոն Ղազարյանի գործով համակողմանի և մանրակրկիտ քննություն է ընթանում, արդյունքում էլ` այլ գործեր են անջատվել, որոնք արժանի են նույնքան «մանրակրկիտ» քննության: Իսկ իրականում գործ ունենք ԱԱԾ քննչականի կողմից նախաքննությունը ձգձգելու դասական օրինակի հետ, և միակ ակնառու փաստը հնչեղ անուններն են: