կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 13:25
Քաղաքական

Սևով սպիտակի վրա թարգմանված է այն, ինչ կա նախագծում. Վարդան Պողոսյանը՝ Զուրաբյանին

Սևով սպիտակի վրա թարգմանված է այն, ինչ կա նախագծում. Վարդան Պողոսյանը՝ Զուրաբյանին

ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Հարց ուներ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նախ նշեց, որ ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը` հանդիպել նրա հետ ու քննարկել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որովհետև ՀԱԿ-ը ո\'չ համոզելու բան ունի, ո\'չ էլ համոզվելու:

Ամեն դեպքում պատգամավորը կուզենար բացատրություն լսել մի հարցի վերաբերյալ: «Երևի մի քսան երկրի Սահմանադրություն եմ կարդացել, բայց չեմ կարդացել մի տեղ, որ նախագահը չունենա լիազորություն` առաջադրելու վարչապետին: Ինչո՞ւ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել այս հանգամանքին»,- հարցրեց պատգամավորը և հավելեց. «Վենետիկի հանձնաժողովը գրել է, որ այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տվել, հարապետության նախագահը պետք է քննարկի մեծամասնության հետ հարցն ու առաջադրի թեկնածու: Հիմա կա\'մ խաբեբա եք, ներկայացրել եք այլ թարգմանություն, կա\'մ Վենետիկում փաստաթղթերը կարդալ չգիտեն: Բացատրեք այս առեղծվածը»:

Ի պատասխան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նախ հակադարձեց Զուրաբյանի հնչեցրած պիտակներին՝ հորդորելով դրանք չկիրառել: «Հանցավոր, խաբեբա` դրանք կարող են ձեզ վերագրվել` ձեր խմբակցությանը»,- ասաց նա: Ապա նշեց. «Եթե բարի լինեիք նայել պաշտոնական կայքը, կտեսնեիք թարգմանությունը, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին: Սևով սպիտակի վրա թարգմանված է այն, ինչ կա նախագծում: Եթե նրանց հարցեր ունեք, ուղղեք նրանց: Տեխնիկական սխալներ պատահում են բոլորի մոտ»:

Վարդան Պողոսյանը նշեց, որ հանրապետության նախագահը չի առաջադրում վարչապետի թեկնածու: «Նախագահը նշանակում է վարչապետին ցանկացած պարագայում՝ ԱԺ ընտրություններից հետո, և մենք չենք շեղվել պառլամենտական որևէ երկրի կանոններից: Մենք նախատեսել ենք, որ ԱԺ նախագահը խորհրդակցություն է անցկացնում խմբակցությունների հետ, ապա առաջադրում թեկնածուին»: