կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 17:48
Մշակույթ

Մշակույթի փոխնախարարը չզարմացրեց` ՄՀՀ-ի հետ կապված կարծիք չունի

Մշակույթի փոխնախարարը չզարմացրեց` ՄՀՀ-ի հետ կապված կարծիք չունի

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները զրուցեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ Մարզահամերգային համալիրի վաճառքի, տեղում խաղատուն կառուցելու և այս ամենի շուրջ մշակույթի նախարարության գնահատականի մասին: Հարցուպատասխանն այնքան ուշագրավ է, որ այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Բազմաթիվ ճարտարապետներ են մտահոգություն հայտնում` համալիրի վաճառքի հետ կապված, քանի որ մշակութային արժեք է ոչնչացվում: Ինչպիսի՞ն է մշակույթի նախարարության տեսակետը:

-Եթե ուշադիր նայեք կառավարության որոշման նախագիծը, այնտեղ հատուկ նշված է, որ որևէ ֆունկցիա չի փոխվում, իսկ «Հուշարձանների պահպանության մասին» օրենքով, որով մենք շարժվում ենք, յուրաքանչյուր փոփոխություն` լինի ֆունկցիոնալ-նպատակային, այսինքն` շինության նշանակության, թե հուշարձանի ֆիզիկական փոփոխություն, պետք է լինի համաձայնեցված: Այսինքն` որևէ փոփոխություն, համաձայն որոշման, այնտեղ չի կատարվի:

-Ձեզ համար նորմա՞լ է, որ այնտեղ խաղատուն է լինելու:

-Ես երբևիցե նման նախագիծ չեմ տեսել, երբ տեսնեմ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ:

-Նախագծում, որը դրված է կառավարության կայքում, նշված է, որ խաղատուն, այո,  լինելու է:

-Նկատի ունեմ, որ նախագիծը` գծագիր իմաստով:

-Դե, հստակ նշված է, որ խաղատուն է լինելու` 1,5 կմ հեռավորության վրա: Հուշահամալիրի հարևանությամբ խաղատան գոյությունը տեղի՞ն է:

-Երբ նախագիծը լինի, նկատի ունեմ` գծագիր-նախագիծը, հնարավոր կլինի դրա մասին խոսել, որևիցե դեպքում որևիցե փոփոխություն շենքի հետ չի եղել: Ինչ վերաբերում է մոտակա տարածքում նման բաներ կառուցելուն, ապա, ինչպես բոլորիս հայտնի է, Ծիծեռնակաբերդը, բացի զուտ, շատ կարևոր հոգևոր նշանակությունից, նաև պատմամշակութային հողեր ունի, այսինքն` որևէ նոր բան կառուցելիս որոշումը պետք է շրջանառվի կառավարությունում: Քանի որ մասնագիտությամբ ճարտարապետ եմ, ինձ համար հիմա հնարավոր չէ խոսել, քանի դեռ ճարտարապետական նախագիծը չկա: Եթե լինի պատմամշակութային արժեքի հողերի վրա, չնայած չեմ կարծում, որ այդպես լինի... Դուք գիտեք, որ այնտեղ` ձորում,  զվարճանքի բազմաթիվ վայրեր կան: Եթե նման բան լինի պատմամշակութային արժեքի հողերի վրա` ըստ նախագծի, մենք կանդրադառնանք դրան:

Հ. Գ. Ստացվում է, ինչպես միշտ, մշակույթի նախարարությունը խոստանում է դեպքին անդրադառնալ, երբ այն կյանքի կկոչվի: Իսկ թե այսքան ժամանակ նախարարության այս կամ այն անդրադարձն ինչ բեկումնային փոփոխություններ է մտցրել որևէ նախագծի մեջ, դժվարանում ենք հիշել: Դժվարանում ենք հիշել նաև, թե նախարարությունը, առանց լրագրողների աղմուկի, երբևէ փորձե՞լ է կարծիք հայտնել ինչ-որ խնդրի վերաբերյալ: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ նախարարությունն անգործության է մատնված, ուղղակի այդ գործունեության պտուղները չենք տեսնում: Ախ, ուր է, թե սահմանափակվեինք` այդ պտուղները չտեսնելով…