Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 15 տարի է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն անհատույց տրամադրվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Պայմանագրի գործողության առաջին իսկ օրերից ընկերության նախագահը` Էդուարդո Էռնեկյանը, առաջ է քաշել իր կառավարման տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժման հարցը:
Հայաստանի ճարտարապետների միությունը, ՀՀ հանրային խորհուրդը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները, «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակներն ու նրանց ժառանգները դեմ են շենքի ապամոնտաժմանը և քանիցս դիմել են պատկան մարմիններին` «Զվարթնոց»-ի քանդման աշխատանքները դադարեցնելու պահանջով: Այս պահին, կարծես, քանդման աշխատանքները կանգ են առել, սակայն տեխնիկան դուրս չի բերվել տարածքից:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն` տեղեկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունի մշակույթի նախարարը, արդյո՞ք նա էլ համամիտ է ճարտարապետների հետ, որ շենքը չպետք է քանդվի: Եթե` այո, ապա նախարարությունը պատրաստվո՞ւմ է ինչ-որ քայլերի դիմել:
Հարցմանը պատասխանել էր նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նա նշել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդմանը նախարարությունը դեմ է` անկախ նրանից՝ կառույցը գրանցվա՞ծ է հուշարձանների ցանկում, թե՞ ոչ, քանի որ մշակութային կառույց է: «Իրականում այն գրանցված չէ, իսկ գրանցելու համար պետք է տեղի ունենա փորձագիտական նիստ: Ճարտարապետների միության կողմից մենք ստացել ենք նման առաջարկ, բայց հարցը դեռ չի քննարկվել: Խնդիրն այն է, որ նորագույն շրջանի ճարտարապետական կառույցն արժևորելու կոնկրետ չափորոշիչներ չկան: Աշխարհում ընդունված չափորոշիչներով դա հնարավոր է անել առնվազն մեկ սերունդ հետո»,- ասում է փոխնախարարը: Այսքանը:
Իսկ հարցին, թե նախարարությունը պատրաստվո՞ւմ է ինչ-ինչ քայլերի դիմել, և որո՞նք են այդ քայլերը, նա չի պատասխանել, ինչից կարող ենք ենթադրել, որ նախարարությունը, հարցի լուծման հետ կապված, պարզապես կարծիք հայտնողի դերում է:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակում ընդունվել էր բանաձև, որով ՀՀ կառավարությանը կոչ էին արել պահպանել և առանց ձևափոխությունների վերականգնել, պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը: Ի պատասխան` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին և հավաստիացրել, որ «Զվարթնոցը» գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո: Սակայն Վիեննայում, փաստորեն, մեզ լավ են ճանաչում, քանի որ, չանցած մի քանի ամիս, շենքի քանդման մասին խոսակցությունները գնալով ավելի ակտիվացան` կամաց-կամաց տեխնիկան սկսեցին տանել օդանավակայան: 2013թ. նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը մերժեց «Զվարթնոց»-ի կլոր շենք քանդման վերաբերյալ` «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմեց ՀՀ կառավարությանը։ Կառավարությունը լուռ է մինչ այսօր, և «Զվարթնոց»-ի ճակատագիրը պարզ չէ:
Իսկ 2015թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումը ապագա սերունդների համար: Սակայն Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ` այս պահին «Զվարթնոց»-ի քանդման աշխատանքները կանգ են առել, քանի որ կառավարությունում վերջին շրջանում փոփոխություններ եղան, և քանդողները սպասում են իշխանությունների արձագանքին: Մինասյանը նշեց, որ եթե, ինչպես մշակույթի նախարարությունից են ասում, սպասենք` մեկ սերունդ անցնի, նոր միայն շենքը գրանցեն` որպես հուշարձան, շենքը արդեն քանդած կլինեն:
«Մշակույթի նախարարությունը պետք է վաղուց ունենար այդ չափորոշիչները, իսկ դրանք պետք է նրանք մշակեին` թե երբ կամ ինչ կերպ են անցկացնում շենքերը պատմական հուշարձանների ցուցակների մեջ: Պետք է ինչ-որ քայլի դիմենք, որ կարողանանք պահել այդ շենքերը: Համենայն դեպս, առայժմ ոչինչ չի արվել նրանց կողմից, գոնե պետք է բարձրաձայնեն, որ կան մի քանի կառույցներ, որոնք, ճիշտ է, ցանկերում չեն, բայց դրանց պահպանման համար պետության աջակցություն է պետք»,- ասաց Մինասյանը:
Նա հայտնեց նաև, որ, համաձայն բոլոր փաստաթղթերի, Էռնեկյանը պետք է վերականգներ և վերադարձներ օդանավակայանն այն տեսքով, ինչ տեսքով օգտագործել է: «Նրան ոչ մի բան չի խանգարում, որ նորակառույց օդանավակայանը, որն, իրոք, լուսավոր կառույց է, օգտագործի` առանց հին շենքը քանդելու: Որևէ ուղևոր չի գնում հին օդանավակայանի կողմերը, որ վտանգ լինի: Ասում էին` շենքը վտանգավոր է սեյսմիկ առումով, բայց իրականում միայն բազրիքներն են քայքայվել: Իհարկե, եթե 40 տարի անուշադրության մատնվի, կքանդվի: Կարծում եմ, որ զուր տեղը, անտեսելով հասարակության կարծիքը և եղած արժեքը, մեր ճարտարապետության պատմության ևս մեկ էջ ենք պոկում»,- ասաց Մինասյանը:
Ճարտարապետների միության նախագահի խոսքով` ցանկության դեպքում միշտ էլ կարելի է որևիցե շենքի տալ որևէ ֆունկցիա, բացի այդ` չկա մի շենք, որ իր պատմության ողջ ընթացքում ծառայի մի ֆունկցիայի: «Տեսեք` մեր հարևաններն ինչպես են պահում իրենց ճարտարապետական արժեքները, և ստացվում է, որ նրանք ունեցել են արժեքավոր կառույցներ, իսկ մենք չենք էլ ունեցել ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ: Ես չգիտեմ` ինչո՞ւ են միայն սևեռվել հին շենքերը քանդելու վրա և որևէ մեկը այս խնդրի վրա ուշադրություն չեն դարձնում»,- ասաց Մինասյանը:
Հարցին, թե նոր կառավարության կամ նոր նախարարի հետ որևէ հույս պե՞տք է կապենք, նա պատասխանեց, որ դրան շատ կասկածամտորեն է վերաբերվում, քանի որ արդեն քանի տարի է` մենք ասում ենք, մենք` լսում:
Հ. Գ. Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Այսօր կա՞ մի բան, որը պետք է պաշտպանենք և չենք պաշտպանում, խնդրում եմ, մատնանշեք»: «Զվարթնոց» օդանավակայանի շենքի` պատմամշակութային արժեք լինելը, պարո'ն Ամիրյան, միայն մենք չէ, անգամ օտարներն են փաստում: Մատնանշում ենք, պաշտպանեք այն:
Կարինե Հարությունյան