Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում երեկ մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում շատ հաջող հանդես եկան Հայաստանի ըմբիշները: Նրանցից երեքը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: 54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը նախ համոզիչ առավելությամբ որակաորման փուլում հաղթեց սերբ Ադամ Կատոնային, ապա նույնքան վստահ մեկը մյուսի ետևից 8:0 հաշվով հաղթեց նախ թուրք Ահմետ Ույարին, ապա իրանցի Մոհամադ Մուխթարին: Դժվարին ճանապարհ անցած Տիգրանը կիսաեզրափակչում պարտվեց վրացի Ջոնի Կետսուրիանիին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը նույնպես 8:0 հաշիվ գրանցեց իր օգտին՝ այս անգամ պարտության մատնելով ճապոնացի Այատա Սուզուկիին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Խրյուշինը: 58 կգ քաշային կարգում հանդես եկած Էդգար Թամազյանը դժվարին հաղթանակով սկսեց՝ 1/8 փուլում 2:1 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Սերգեյ Խրյուշինին: Քառորդ եզրափակչում վրացի ըմբիշ Դավիթ Բակուրաձեի նկատմամբ Էդգարին հաղթանակը շատ հեշտ տրվեց՝ 8:0, սակայն կիսաեզրափակչում նա պարտվեց իրանցի Ամին Կավիյանինեժադին և ստիպված եղավ պայքարել բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար գոտեմարտում Էդգարը 3:1 հաշվով հաղթեց ամերիկացի Թեյլոր Լամոնտին: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Էդգարի նկատմամբ կիսաեզրափակիչում առավելության հասած Կավիյանինեժադը` եզրափակչում հաղթելով բելառուս Եգոր Վլադիկային: 63 կգ քաշային կարգում հանդես եկած Մալխաս Ամոյանի մրցելույթը սկսվեց պարտությամբ: Նա դեռ որակավորման փուլում 2:3 հաշվով զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Սաիդին: Թվում էր՝ Ամոյանից այլևս սպասելիք չի լինի, սակայն Ալ Սաիդը, ի զարմանս բոլորի, մեկը մյուսի ետևից հաղթելով մի քանի ըմբիշների՝ հասավ եզրափակիչ և Մալխասին նոր գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն տվեց: Ամոյանը սփոփիչ գոտեմարտերը վերելքով անցկացրեց՝ 8:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դոմինիկ Դեմասին, ապա՝ 4:1 հաշվով հունգարացի Թամաշ Լեվաին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը պարզապես ջախջախեց թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրին: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց վրացի Այվենգո Ռիկաձեն՝ եզրափակչում մեծ դժվարությամբ առավելության հասնելով եգիպտական անակնկալի նկատմամբ: Պատանի հունահռոմեականների այսօրվա հաջողությունն անկասկած շատ մեծ է, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սերբիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից նրանք տուն էին վերադարձել ընդամենը մեկ բրոնզե մեդալով: Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը Սարաևոյում հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այսօր բոսնիական մրցագորգ կելնեն Հայաստանի ևս երեք պատվիրակներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: