կարևոր
2947 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-23 18:41
Հասարակություն

Արտաքին գովազդով զբաղվող ընկերությունները դժգոհ են Երևանի քաղաքապետարանի որոշումից․ դատարան են դիմելու

Արտաքին գովազդով զբաղվող ընկերությունները դժգոհ են Երևանի քաղաքապետարանի որոշումից․ դատարան են դիմելու

Մայրաքաղաքում արտաքին գովազդների տեղադրմամբ զվաղվող ընկերությունները դժգոհ են Երևանի ավագանու՝ նախորդ տարի ընդունված որոշմանը, որով փոխխվել են արտաքին գովազդի տեղադրման չափորոշիչները։

«Երևանի ավագանին 2023թ. ներկայացրեց և առանց համատեղ քննարկումների  ընդունեց արտաքին գովազդի տեղադրման նոր չափորոշիչներ: Նշված նոր չափորոշիչների ընդունմամբ հիմնական թիրախում  են հայտնվել հենց արտաքին գովազդային վահանակներ տնօրինող ընկերությունները, քանի որ համաձայն նոր չափորոշիչների՝

Երևան քաղաքում չեն կարող լինել մեծ չափի գովազդային վահանակներ, անտեսելով այն, որ դրանք որևէ առնչություն չունեն Երևան քաղաքի արտաքին տեսքի հետ,

Գովազդային կրիչները չեն կարող դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածի վրա, անտեսելով այն հանգամանքը, որ վահանակները, որոնք այժմ դուրս են գալիս երթևեկելի մասի վրա տեղադրված են այնպիսի բարձրության վրա, որ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ոչ մի տեսակ տրանսպորտային միջոցի համար:

Այս չափորոշիչներին չհամապատասխանող և հետևաբար բիզնես ոլորտի վերացման ռիսկի պայմաններում, պետք է նշենք, գովազդային ընկերությունները տարեկան վճարում են 600 միլիոն դրամից ավել հարկեր և տեղական տուրքեր միայն մեծ վահանակների համար, որոնք այլևս հնարավոր չի լինի ուղղել երկրի և քաղաքի համար մի շարք կարևոր խնդիրների լուծմանը: 

Գովազդային վահանակների կրճատման արդյունքում տնտեսվարողները իրենց գովազդային բյուջեների մեծ մասը տրամադրելու են սոցիալական հարթակներում գովազդ տեղադրելու վրա, և այդ գումարները դուրս են գալու ՀՀ-ից, հետևաբար նաև հարկային հավելյալ կորուստ է առաջացնելու: Բացի այդ, գովազդային գործիքը սպասարկում է բազմաթիվ տնտեսավորողների, ուստի դրա փաստացի վերացումը կրում է վտանգ տվյալ գովազդատուների շրջանառության, հետևաբար նաև տնտեսական բացասական ազդեցության։

Ավելին՝  գործող գովազդային ընկերությունները կրելու են մեծ ֆինանսական վնասներ՝ ինչն իր հերթին առաջ է բերելու նաև հարակադրված աշխատատեղերի կրճատման և այդ ոլորտում գործազրկության ցուցանիշի ավելացման:

Քաղաքապետարանի կողմից միակողմանի, առանց ոլորտում արդեն իսկ 30 տարվա փորձ ունեցող կազմակերպությունների հետ քննարկման, ընդունվել են տվյալ չափորոշիչները։ Չափորոշիչները ընդունելուց հետո, այս խնդիրներին մանրամասն անդրադարձ կատարելու, համատեղ ընդունելի լուծումներ գտնելու, այդ թվում ընկերությունների կողմից պարտավորությունների ստանձնման համար քանիցս խնդրել ենք կազմակերպել քննարկում, որը մնացել էր անպատասխան, իսկ ներկայումս նույնիսկ նվազագույն ծանուցում տրամադրելու բացակայության պայմաններում վարչարարության սկզբունքների խախտմամբ ապամոնտաժվում են տվյալ ընկերությունների սեփականություն հանդիսացող վահանակները:

Ստեղծված իրավիճակում արտաքին գովազդով զբաղվող ընկերությունները ստիպված են դիմելու իրենց իրավունքների պաշտպանության գործիքակազմին, այդ թվում դիմելով Վարչական դատարան: Հաշվի առնելով օրենսդրական որոշ խոչընդոտները կոլեկտիվ հայց ներկայացնելու մասով ներքոստորագրյալ ընկերությունները կդիտարկեն նաև առանձին, սակայն բոլորի կողմից համաձայնեցված դիմումներ ներկայացնելը Վարչական դատարան, այդ թվում խնդրելով կասեցնել խնդրո առարկա որոշումը հնարավորություն ընձեռելով բոլոր կողմերին ստեղծված իրավիճակում փոխշահավետ լուծում գտնելու համար: Ընդ որում, խնդրո առարկա կարգավորումների պայմաններում կանխորոշիչ է նաև կանխատեսելիության բացակայությունը քաղաքապետարանի մոտեցումների տեսանկյունից, որոնց պայմաններում ձևավորվում է մի իրավիճակ, երբ ընկերությունները կարող են կատարել նոր մեծ ներդրումներ, սակայն որոշ ժամանակ անց դրանց վերաբերող կարգավորումները ևս փոխվեն և կրկին սկիզբ առնի վահանակների ապամոնտաժումը:

Սույն Հայտարարությամբ ներքոստորագրյալ Ընկերությունները կրկին հայտնում են իրենց պատրաստակամությունը քննարկման ձևաչափով այս հարցերին անդրադարձ կատարելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Հայտարարությանը միացել են գովազդային հետևյալ ընկերությունները․

«Վիսնել» ՍՊԸ

«Պիկասսո ՕՕՀ» ՍՊԸ

«ԷԳԱ» ՍՊԸ

«Մեդիա Գրուպ» ՍՊԸ

«Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ

«Յունիքորն Գրուպ» ՍՊԸ