կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 13:16
Հասարակություն

Ծեծված ազատամարտիկը կասկածում է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի նախկին անդամ Տիգրանին

Ծեծված ազատամարտիկը կասկածում է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի նախկին անդամ Տիգրանին

Արդեն հայտնել ենք, որ երեկ Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում, դաժան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով մասնակցում էր մի խումբ քաղաքացիների նախաձեռնած երթին դեպի ՀՀԿ գրասենյակ: Ծեծից հետո Սմբատ Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Այսօր հիվանդասենյակում Սմբատ Հակոբյանը խոսեց լրագրողների հետ և ներկայացրեց դեպքի մանրամասները. նրան մոտեցել է 6-7 մարդ, ասել են, որ ցանկանում են խոսել` կարևոր բան ունեն ասելու, հրել են  ինչ-որ դարպասներից ներս: Ազատամարտիկը պատմում է, որ, դարպասներից ներս մտնելով, տեսել է մի անձնավորության, որին ճանաչել է: «Անունը Տիգրան է, նա նախկինում եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում: Հենց նա ասաց` այ հիմա մենք քեզ կբացատրենք` ինչ ենք անում, ու սկսեցին չորս կողմից հարվածել»,- ասաց Սմբատ Հակոբյանը:

Ապա հավելեց. «Նախ ասեմ, որ ես Ռուբեն Հայրապետյանի հետ որևէ խնդիր չունեմ, տալ-առնելու բան չունեմ, որևէ վիճաբանություն մեր միջև չի եղել, բացառությամբ 3 ամիս առաջ եղած մի բանավեճի: Նա ասաց` սպասի` կտեսնես: Ես հիմա փաստեր չունեմ, որ ասեմ` դա Ռուբեն Հաայրապետյանն է կազմակերպել, բայց կոնկրետ Տիգրանը նրա թիկնազորում է եղել նախկինում»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը ժամանակին ֆրանսիական «Նուվել դ\'Արմենի Մագազին» պարբերականին տված աղմկահարույց հարցազրույցում, մատնացույց անելով Սմբատ Հակոբյանին, նշել էր, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել է` կռվելով նրա ջոկատում:

Լուսանկարը` armtimes.com-ի