| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը:
«Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին: Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:
Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չի ընդունել դրանց առկայության փաստը: Մինչդեռ, քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչության համար: Դա հաշվի առնելով՝ քննիչը պետք է քննարկեր տղամարդու արարքում ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել: Իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ: Դատախազությունը ևս դրսևորել է անթույլատրելի անգործություն:
Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Գլխավոր դատախազության ոչ բարեխիղճ գործողությունների հետևանքով կինը զրկվել է իրավական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Պաշտպանը Գլխավոր դատախազությանը հորդորում է քննարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հարցը և կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած դատախազին»,- ասվում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: