կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 17:00
Հասարակություն

250 հայ մտավորական գնդակահարվել է Քոփ լեռան մոտ

250 հայ մտավորական գնդակահարվել է Քոփ լեռան մոտ

Աղբյուրը՝ armeniangeocide100

Կիրակոս Ազարյանի պատմությունը

1878 թ., Խարբերդ

Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված Կիրակոս Ազարյանն Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես 1914 թ. աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու ուղարկվել Կարինի ռազմաճակատ: Վեց ամիս ծառայելուց հետո՝ դեռևս նախքան Կարինի հայերի տարագրությունը, ձերբակալվել է և բանտարկվել Կարինի բանտում: 1915 թ. գարնանն իր բախտակից 250 մտավորականի  հետ աքսորվել է Մուշ: Հասնելով Կարին՝ բոլորը, այդ թվում՝ 37 տարեկան Կիրակոս Ազարյանը, գնդակահարվել են:

 

Ծնվել է 1878 թ., Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ գյուղում՝ Ֆերմանյան ընտանիքում:

 

Մանկական տարիքում կորցրել է հորը: Մայրը 2-րդ անգամ ամուսնացել է Խարբերդի նահանգի Մեզիրե (Մեզրե) քաղաքի ավետարանականների հոգևոր հովիվ վերապատվելի Ազարյանի եղբոր հետ: Նախնական կրթությունն ստացել է Խարբերդում, ապա ավարտել ամերիկացի միսիոներների՝ քաղաքում հիմնած Եփրատ քոլեջը:

 

1897 թ. մեկնել է ԱՄՆ՝ կրթություն ստանալու: Սկզբում աշխատել է գործարաններում, այնուհետև, սովորել Չիկագոյի, ապա՝ Սենթ Լուիզի բժշկական համալսարաններում:

 

Բժշկական կրթությունն ավարտելուց հետո կարճ ժամանակ սովորել է նաև  Թենեսի նահանգի Նեշուիլ քաղաքի աստվածաբանական ճեմարանում:

 

1911 թ. վերադարձել է Մեզիրե, ամուսնացել Զապել Ազարյանի հետ: Մեզիրեում բացել է սեփական բժշկական կլինիկա: Հետագայում կրկին մեկնել է ԱՄՆ և Սենթ Լուիզի բժշկական համալսարանում մասնագիտացել ակնաբուժության գծով:

1913 թ. վերադառնալով Մեզիրե՝ զբաղվել է համաքաղաքացիների բուժմամբ և վայելել բոլորի հարգանքը: Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, 1914 թ. աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու ուղարկվել Կարինի ռազմաճակատը:

 

Վեց ամիս ծառայելուց հետո, դեռնևս նախքան Կարինի հայերի տարագրությունը, ձերբակալվել է և բանտարկվել Կարինի բանտում:

 

1915 թ. գարնանը իր բախտակից 250 մտավորականների (բժիշկներ, դեղագործներ, այլ մասնագետներ) հետ աքսորվել է Մուշ:

 

Հասնելով Կարին /Խոփ (Քոփ) լեռան մոտ, բոլորը, այդ թվում՝ 37 տարեկան Կիրակոս Ազարյանը, գնդակահարվել են:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 11–12: