Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավոր չէ` գտնել մարդասպանին, քանի դեռ նա մարդասպանություն չի արել: Հետեւաբար ես չեմ կարող ասել քո թերությունները, քանի դեռ դու թերացումներ չես ունեցել` այս մեկ տարում, քո առաջին տարում, իմ ամենաերջանիկ տարում: Ճիշտ է` դու գիշերները հաճախ չես քնում, ավելին` այդ ընթացքում լացում ես, ավելի ճիշտ` գոռում, բայց դա թերություն չէ, որովհետեւ դեռ մեծ հարց է, թե արդյոք գիշերները քնելն առավելությո՞ւն է. Գուցե դու ուզում ես ավելի շատ բան իմանալ, սովորել, իսկ դա առավելություն է բացառապես:
Ճիշտ է` դու ցերեկները հաճախ լավ չես ուտում, բայց ո՞վ ասաց, որ լավ չուտելը թերություն է, չէ որ մարդկային բոլոր թերությունները եւ արատները հենց շատ ուտելուց են եւ ուտելու մեծ պահանջից: Ճիշտ է` դու սիրում ես գետնին նետել սեղանին դրված ամեն ինչ` լինի դա ապակե բաժակ, թե փափուկ խաղալիք, բայց հնարավոր է, որ այդպես ես անում, որպեսզի շոշափես դրանք, ծանոթանաս, իսկ դա ուղղակի հրաշալի հատկություն է: Այնպես որ, եթե սրանք են քո բոլոր թերությունները, ուրեմն դու թերություն չունես: Անթերի ես, ոչ թե որովհետեւ իմն ես, այլ, քանի որ մարդիկ թերանում կամ սրիկայանում են մեկ տարում, անգամ մեկ օրում, բայց եթե այդ մեկը առաջինը չէ նրանց համար: Սա քո առաջին տարին էր եւ այն անցավ: Ոչինչ ընդ որում չավարտվեց, քանի որ ամեն ինչ սկսվում է նոր:
Դու շուտով կկանգնես սրիկայության դռան մոտ, ինչը հաստատ քո սիրած գույնով ներկված կլինի եւ քո նախընտրած հոտը կունենա: Դու հաստատապես ցանկանալու ես բացել եւ ներս մտնել, գուցե բացես էլ, բայց հիշիր, երբ ինչ որ տեղ մտնում ես դռնից, ուրեմն դուրս գալու ճանապարհ էլ կա: Հնարավոր է, որ դու չմտնես այդ դռնից, չնայած մեծ ցանկությանդ: Բայց դրա համար դու պետք է իմանաս, թե ինչ է սրիկայությունը ավելի վաղ, քան սրիկա դառնալու փորձության ենթարկվելդ: Հա, աղջիկները եւս սրիկա լինում են…Սահմանումն ըստ իս ավելին քան պարզ է` «Սրիկան այն մարդն է, որի աչքերին ուշադիր նայելիս ոչ մի կերպ չես գտնում երեխային»: Չտխրես, որ քեզ հաճախ երեխա անվանեմ, դա, ինչպես հասկացար, հատուկ ռազմավարական նպատակներով եմ ասելու:
Շուտով քայլելու ես: Դա նշանակում է, որ այլեւս դու ես լինելու քո ճանապարհը որոշողը եւ դրանով քայլողը: Ես կողքիդ չեմ լինելու, մայրդ էլ, ոչ ոք չի լինելու, ոչ թե որովհետեւ դու մենակ ես, այլ որովհետեւ բոլորս ենք մենակ: Երբեք չհավատաս նրան, ով կասի, արի անենք երկուսով, թիմով, խմբակային, առավել եւս` բոլորով, սուտ է, խաբում են: Ֆուտբոլի թիմում 11 հոգի են խաղում, բայց ամեն տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ մեկն է ճանաչվում, ոչ թե 11-ը: Կլինեն, իհարկե, իմ գլխավորությամբ մարդիկ, ովքեր կողքիդ կլինեն, հետդ կլինեն, մոտիկ կլինեն, ներսումդ կլինեն, բայց հիշիր, որ այդ մարդիկ, եթե դու իսկապես թանկ ես նրանց համար, միայն մեկ ցանկություն ունեն, որ դու ինքդ քայլես, ինքդ գտնես, ինքդ հասնես, ինքդ բարձրանաս, եթե սայթաքես, ինքդ ոտքի կանգնես, եթե չկարողանաս, ինքդ մտածես, եթե չստացվի…Ես կողքիդ եմ:
Շուտով նաեւ կսկսես խոսել: Դա նշանակում է, որ քեզ բառեր են պետք, ինչն էլ նշանակում է, որ մենք պետք է բծախնդրորեն ընտրենք այն բառերը, որոնք ասելու ենք քո ներկայությամբ: Որովհետեւ դու մեզնից ես սովորելու ամեն ինչ, բայց ինքդ ես անելու ամեն ինչ, բայց ինքդ ես ապացուցելու մեզ, որ մենք ճիշտ չենք, եւ դա այն միակ սխալն է մեր լինելու, որը հաճույքով եւ հպարտորեն ենք ընդունելու:
Ես չգիտեմ, որն է լինելու քո առաջին նախադասությունը, բայց ես գիտեմ, որ այն ընդգրկելու է այն բոլոր բառերը, որոնք դու ես ընտրել` մեր տվածից. գուցե այն լինի` «Ես քեզ սիրում եմ»-ը, եւ ուղղված լինի ոչ թե ինձ, ոչ թե մայրիկիդ, ոչ թե անգամ քո մանկապարտեզի խմբի Դավիթիկին, այլ մեր բակի փողոցային շանը: Ինձ համար ուրախության եւ հպարտության առիթ է միայն այն, որ դու ասացիր այդ նախադասությունը, ինչը նշանակում է, որ դու ճիշտ ես ընտրել` քեզ տրված բառերից, ինչը նշանակում է, որ մենք քեզ ճիշտ բառեր ենք տվել եւ ոչ միայն բառեր եւ վերջապես ինչը նշանակում է, որ դու սրիկա չես եւ հազիվ թե դառնաս: Այդ նախադասությամբ` սրիկա չեն դառնում, աղջիկս:
Շնորհավոր 1 ամյակդ
Քո հայրիկ, ով ոչինչ էլ չի կարող գրել` առանց քո մայրիկի…
Հովիկ Աֆյան