կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-31 21:00
Հասարակություն

Դուք ուրախացեք, իսկ մենք կպաշտպանենք ձեր ուրախությունը. զինվորի ամանորյա հուզիչ նամակը՝ մորը

Դուք ուրախացեք, իսկ մենք կպաշտպանենք ձեր ուրախությունը. զինվորի ամանորյա հուզիչ նամակը՝ մորը

Տավուշի մարզի սահմանապահ զորամասերից մեկի դիրքերում ծառայող Արթուր Մնացականյանի նամակը՝ մայրիկին.

«Բարև, մամ ջան, ո՞նց եք, հուսով եմ լավ: Գիտե՞ս, մամ, մի տեսակ անսովոր զգացողություն ա մոտս, թղթին նամակ գրելուց… դե գիտես հիմա հեշտացել է զինվոր-ծնող շփումը, նամակ գրելը վաղուց մոռացվել ա: Մամ ջան, թուղթ ու գրիչ էլ առանձնապես հեշտ չգտա, գիտես` հիմա սահմանն եմ հսկում, մտքերս կենտրոնացած են միայն այդ ուղղությամբ: Ուղղակի շատ շուտով տոներն են մոտենում, դե ես էլ որոշեցի քեզ անակնկալ անել, ասում են` թղթի վրա բառերն անսովոր ուժ են ստանում, իսկ նամակներն ավելի զգացմունքային են դառնում: Հուսով եմ, երբ կարդաս նամակս կժպտաս ու թեթևություն կզգաս, քանի որ գրում եմ մեծ ոգևորությամբ և հպարտությամբ: Ճիշտ է, կհուզվես, քանի որ մեծ կարոտով եմ բառերը հանձնում թղթին, բայց հանկարծ չարտասվես: Մամ ջան, քո զինվոր տղեն մի տարի ա, ինչ ծառայում ա … քիչ մնաց, դժվարն արդեն անցել ա, ևս մի Նոր տարի և ես ձեր հետ կլինեմ:

Մամ ջան, գիտեմ, որ ամեն Աստծո օր, անկախ քո առօրյայից, դու իմ մասին ես մտածում, ուզում եմ մտածելուց միայն հպարտ լինես, չտխրես, ես շատ լավ եմ, այստեղ եմ, որ դու գիշերը հանգիստ քնես, բայց գիտեմ, հանգիստ քունդ կորցրել ես ինձ ճանապարհ դնելուց: Խնդրում եմ, քնիր ու արթնացիր նորմալ ռեժիմով, որ ես էլ այստեղ սահմանում գիտակցեմ ու արժևորեմ իմ ներկայությունն ու խաղաղության գինը: Մամ ջան, բանակում կյանքի գույներն ամբողջական չեն, բայց հավատա, ամեն դժվարություն էլ հաղթահարելի’ է, միայն կարոտն է նեղում, բայց դա էլ ինձ կոփում է ՝ դարձնելով ավելի համբերատար, դիմացկուն ու ուժեղ:

Շուտով Նոր տարին կմեկնարկի, ուզում եմ շատ ուրախ նշեք, ավելի ուրախ, քան իմ ՝ տանը եղած ժամանակ: Իմ փոխարեն էլ լավ կպարեք ու քեֆ կանեք, ես էլ իմ բոլոր զինակից ընկերների հետ կպաշտպանեմ այդ ուրախությունը: Մենք պատվով կծառայենք, որ դուք միշտ հպարտանաք ձեր որդիներով: Գիտեմ, որ աշխարհում ամենաշատը հենց մայրերն են ձգտում խաղաղության ու դրա համար էլ քեզ եմ ասում, մամ ջան, պապան էս ամենի միջով անցել ա շատ երկար… ինձ կհասկանա.. ինքը գիտի, որ ես կյանքում չեմ անի մի բան, որից ինքը գլխիկոր կմնա: Իսկ դու քեզ հանգիստ զգա, ուրախ ապրի, մամա ջան, պապայիս էլ լավ նայի մինչև գամ, ձեզ ծով համբերություն, շուտով՝ 365 օր հետո կհանդիպենք, ձեր բոյով, բուսաթով, սիրուն տղա Արթուր )))

Շնորհավոր բոլոր հայ ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը»: