կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 15:10
Իրավական

Առուշանյանների ընտանիքը դադարեցրեց հացադուլը, բայց նրանց որդին կշարունակի հացադուլ անել կալանավայրում

Առուշանյանների ընտանիքը դադարեցրեց հացադուլը, բայց նրանց որդին կշարունակի հացադուլ անել կալանավայրում

Երեք տարի կալանքի տակ գտնվող` 28-ամյա Աշոտ Առուշանյանի հայրը, մայրը և եղբայրը քիչ առաջ դադարեցրել են իրենց` նախագահի նստավայրի առջեւ հացադուլը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտի հայրը` Լավրենտի Առուշանյանը, պատմեց, որ այժմ տանն են, դադարեցրել են հացադուլը նախագահի աշխատակազմի վերահսկողության բաժնի աշխատակիցների հետ հանդիպելուց հետո:

 

Նշենք, որ Աշոտը մեղադրվում է 56 միլիոն դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ և արդեն մոտ 3 տարի կալանքի տակ է: Նրա հարազատները պնդում են, որ իրենց տղային առաջադրված մեղադրանքը շինծու է, իսկ կալանավորումը` ապօրինի:  

 

Նախագահի աշխատակազմում նրանց հավաստիացրել են, որ դատավարությունն օբյեկտիվ կլինի, խախտումներ չեն կատարվի: «Ես այսօր գնացել էի առանց փաստաբանի, բայց ներկայացրի, թե ինչ ապօրինություններ են կատարվել: Վաղը մեզ` արդեն փաստաբանի հետ, նորից հրավիրել են նախագահական»,- ասաց Լ. Առուշանյանը:

 

Իսկ ինչ վերաբերում է Աշոտին, ապա Լավրենտի Առուշանյանը հայտնեց, որ նա շարունակելու է իր հացադուլը: Նշենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում գործով դատական նիստի ժամանակ Աշոտը հայտարարել է հացադուլ սկսելու մասին:

 

Առուշանյանները  ՀՀ նախագահից պահանջում են միջամտել իրենց որդու դեմ հարուցված քրեական գործի քննությանը, քանի որ այն ոչ օբյեկտիվ կերպով է իրականացվում, բազմաթիվ խախտումներ են կատարվում, իսկ իրենց որդու դեմ առաջադրված մեղադրանքը կեղծ է, և նա ապօրինի պահվում է կալանքի տակ:  

 

Աշոտը մեղադրվում է «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ից 56 միլիոն դրամի գողության գործով հանցագործություն կատարելուն օժանդակելու մեջԳործն արդեն երկրորդ անգամ քննվում է վերաքննիչ դատարանում: Առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել` Առուշանյանին դատապարտելով 5.5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել է, և Վճռաբեկ ատյանը բեկանել է դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության: Երկրորդ անգամ էլ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել Աշոտի նկատմամբ:  


Լուսանկարում` Աշոտ Առուշանյանը