կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 13:13
Մշակույթ

Սերը` սիրիական պատերազմի ժամանակ

Սերը` սիրիական պատերազմի ժամանակ

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը «Միջազգային վավերագրական կինո»  ծրագրում 800 հայտ է ստացել, որոնցից ընտրվել է միայն 13-ը: Ընտրված ֆիլմերից մեկն էլ Շոն Մքալիսթերի «Սիրիական սիրավեպ»-ն է:

Այսօր Մքալիսթերը լրագրողներին ասաց, որ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Դամասկոսում: Ռեժիսորի գլխավոր նպատակը մեկ ընտանիքի օրինակով կոնֆլիկտային շրջանում մարդկանց հոգեվիճակը, ապրելակերպը ցույց տալն է:

Ուշագրավ է, որ Մքալիսթերն ինքը ֆիլմի նկարահանման ժամանակ բանտարկվում է: «Մեկ շաբաթ եմ բանտարկված մնացել: Դե, ոչինչ, առանձնապես մեծ բան չէր: Ցավն այն էր, որ ընտանիքը, որի մասին էր ֆիլմը, շատ վատ վիճակում էր և վերջում ստիպված էր հեռանալ երկրից: Իմ ֆիլմը նաև սիրո մասին է, թեմա, որն ավելի գլոբալ է: Ամենաազդեցիկն էլ հենց սա էր` ներկայացնել` ինչպես են մարդիկ, սիրով լցված, ապրում այս դժվար ժամանակաշրջանում»:

Ռեժիսորի հավաստմամբ` ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպել է մի շարք հայերի, որոնց հետ անգամ ճաշել է:

Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում ֆիլմ նկարահանի նաև Ղարաբաղի մասին, նա պատասխանեց, որ իր համար դա շատ դժվար կլինի, որովհետև շատ բան չգիտի հայերի ու Ղարաբաղյան հակամարտության մասին: «Երեկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը նույն հարցն էր ինձ տալիս... Գիտեք` իմ ֆիլմերը սովորաբար չեն ընդունվում` չհաշված այն, որ ձեր` Հայաստանի մասին շատ բան չգիտեմ: Բրիտանական մտածելակերպի համար օտար է հայերի պատմությունը»,- ասաց Մքալիսթերը:

Նրա կարծիքով` բոլոր կոնֆլիկներում էլ կան ընդհանրություններ, իսկ թե որո՞նք են դրանք, ռեժիսորը չցանկացավ խոսել այդ մասին: