կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 15:43
Հասարակություն

Նրանք «կկարոտեն» գժուկ ջրցանով «Վարդավառը»

Նրանք «կկարոտեն» գժուկ ջրցանով «Վարդավառը»

«Ոչ թալանին» նախաձեռնության` մի քանի տասնյակ անդամների և ՀՀ քաղաքացիների համար անսպասելի Վարդավառ եղավ «շնորհիվ»  ոստիկանական ջրցանի` հունիսի 23-ին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը:

«Այո, հիշարժան Վարդավառ ստացվեց: Իրականում ցավոտ էր: Երբ նստած էի, այդքան ցավը չզգացի, որովհետև ջուրը փոքր շիթերով էր գալիս, բայց երբ կանգնեցինք, ջրի շիթը ոտքիս դիպավ, ու ես ընկա ջրի հարվածից»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այդ օրվա գործողությունների համար ոստիկանության ներկայացուցիչները կպատժվեն, որովհետև, ամեն դեպքում, խաղաղ ցուցարարների անվտանգությունը պետք է ապահովեին, ոչ թե նման միջոց կիրառեին:

Լևոն Զաքարյանի խոսքով` այդ օրվա իր ամենամեծ ուրախությունը ջրցան մեքենայի տակ նստած մարդկանց պահվածքն է եղել: Մի քանի հարյուր քաղաքացի ցույց տվեցին, որ իրենց համար ջրցանի պատիժը ոչինչ է, որ ոչ ոք չվախեցավ: Անգամ` երբ 230 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ տարան, դարձյալ ուրախ էր, քանի որ այդ քաղաքացիները հասկացան, որ դրա մեջ էլ վախենալու բան չկա:

 «Իմ հիշողության մեջ ֆիքսվել է, թե ոնց էին դիմացի շարքի նստածները գոռում` ջուր, ջուր, ջուր: Ընդ որում` մենք տեսանք ու գիտեինք, որ ջուր են բաց թողելու: Հենց այդ պահին, երբ ջրցան մեքենան գործի դրվեց, մենք գոռում էինք նաև` «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան»: Ես մի լուսանկար ունեմ. բարձրախոսը  ձեռքիս գոռացի այնքան,  մինչև ջրի շիթը հանեց ինձ տեղից: Այնպես որ` տարածված արտահայտության համաձայն` կասեմ` շնորհակալություն, պարո\'ն Վովա Գասպարյանին գժուկներին ջրելու համար: Սթափվեցինք, էլի, այդպես սթափված մնացինք մինչ հիմա»,- ասաց Լևոն Զաքարյանը:

Ի դեպ, վերլուծելով փաստերը, նա հետաքրքիր զուգադիպություն է տեսնում: «Անցյալ տարի հունիսին, երբ քաղաքացիները բողոքն արտահայտեցին Սարյան փողոցում` ՀԾԿՀ շենքի մոտ, ընդդեմ հոսանքի թանկացման, այդ ժամանակ ոստիկանությունը չոր գործեց, իսկ այս անգամ` թաց»,- ասաց Լևոն Զաքարյանը: 

Նա անգամ դեմ չէ, որ առաջիկա Վարդավառը ջրցանով կազմակերպեն: «Հուսով եմ` կգա մի օր, երբ ոստիկանների ու քաղաքացիների միջև կձևավորվի ավելի լավ մթնոլորտ` թե\' փոխվստահության, թե\' գիտակցության, թե\' շատ այլ հարցերում, ինչը հիմա դեռևս բացակայում է, քանի որ քաղաքացին դեռ չի վստահում ոստիկանությանը»,- ասաց Զաքարյանը:

Դիտարկմանը, որ հասարակության ընդվզման արդյունքում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի կարողանում արձակուրդ գնալ, Լևոն Զաքարյանը պատասխանեց. «Այո, բայց կգա մի գեղեցիկ օր` պաշտոնաթող լինելուց հետո, երբ հաշվարկ անեն, ինքը լավ արձակուրդ կունենա»: