կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 11:26
Քաղաքական

Աղավնոյից սա ուղերձ է թշնամուն, որ երբեք չենք թողնի հողը հայրենի. Վարդավառը բզկտված Արցախում՝ Ն. Հոխիկյանի տպավորություններով

Աղավնոյից սա ուղերձ է թշնամուն, որ երբեք չենք թողնի հողը հայրենի. Վարդավառը բզկտված Արցախում՝ Ն. Հոխիկյանի տպավորություններով

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին օրերին կրկին Արցախի սահմանապահ մի քանի համայնքներում էի՝ Մարտունի, Ճարտար, Աղավնո։
 
Այստեղից անզեն աչքով կարող ես տեսնել թշնամու տեղաշարժը, բնականաբար, լինել նաև թշնամու դիտարկման տակ։ Բայց այստեղ հայերը ապրում են համառորեն, քանի որ լավ են հասկանում' Արցախը կդադարի մերը լինել, երբ այնտեղ հայերի թիվը պակասի և վերջանա։
Արցախի Աղավնոյում Վարդավառի տոնին նայում էի տեղացիների ժպտացող աչքերին ու հասկանում, որ նրանց ուրախությունը լիարժեք չի։ Ընդամենը ամիսներ առաջ այստեղից զոհեր են եղել, հիմա էլ նույն անհոգությունը չի, ինչ պատերազմից առաջ։ Երեխաները գետում լողում ու ջրում են իրար, մեծերն էլ կատակում են ու համեստ սեղան դնում, բայց բոլորն էլ առանց խոսքի նույն միտքն ունեն' սա ուղերձ է թշնամուն, որ երբեք, երբեք չենք թողնի մեր հողը հայրենի։
 
Ես էլ դրա համար էի գնացել Աղավնո։
 
Հենց դրա համար եմ հաճախ գնում Արցախ, որ միշտ լինեմ այնտեղ ապրող մեր հայրենակիցների կողքին, ոգի տամ նրանց, աշխարհով մեկ հայ ազգին ու նաև ամեն ինչ առևտրի առարկա դարձնող միջազգային հանրությանը ցույց տամ, որ Արցախը ծնկի չի գա, կարող ենք փոքրանալ, բայց շարունակել ապրել և ուժեղանալ, հետո նորից կմեծանանք, չկասկածեք, երբեք չկասկածեք»։

Նկարագրելով Վարդավառի տոնակատարությունն Աղավնոյում՝ Ն. Հոխիկյանը նշել է.
 
Վարդավառը մեր ազգի կենսունակության խորհրդանիշ տոն է, որ գալիս է հեթանոսական ժամանակներից, երբ մենք աշխարհակալ ազգ էինք։
Արցախի Քաշաթաղի շրջանը այսօր մեր ազգի կենսունակության կարևոր խորհրդանիշ է, որտեղ հայերի ամուր ներկայությունը արյունատար անոթի դեր է կատարում և երաշխիք է Արցախի ապագայի համար։
Քաշաթաղի հերոսական Աղավնո գյուղը պատերազմի ժամանակ կանգնեց շնորհիվ Անդրանիկի, Պողոսի և մյուս նվիրյալների։ Այսօր Աղավնոն նույն կյանքով ապրում է, որտեղ միասին նշեցինք մեր ազգային տոնը' որպես մեկ ընտանիք։
Ուրախ եմ, որ Քաշաթաղի մեզ մնացած հատվածը օրեցօր ավելի հայկական է շնչում' հանուն Արցախի վաղվա հաղթանակների ու ընդլայնման։ Մեր ճամփան հաստատուն է։