կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 11:56
Հասարակություն

Բիբինն ինչ-որ բան է թաքցնում

Բիբինն ինչ-որ բան է թաքցնում

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիային: Ըստ նրա` քաղաքական ակցիաների հիմքում իշխանության գալու գաղափարն է, իսկ հասարակական շարժման հիմքում դա չկա:

«Մեր այս շարժումն ավելի շատ նման է հասարակական շարժման: Այդ երիտասարդներն իրենց պաստառներով չէին պահանջում նախարարի, վարչապետի, նախագահի հրաժարական: Սակայն չկա մի շարժում, որը չունենա քաղաքական հիմք»,- ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով`ոստիկանությունը չէ, որ պետք է քաղաքական կամ սոցիալական խնդիր լուծի: Ըստ Ալավերդյանի`իշխանությունները, երբ նմանատիպ ակցիաների ժամանակ բերում են ոստիկաններին, դա խոսում է նրանց` անօգնական վիճակում լինելու մասին:

Նա անդրադարձավ նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքին: «Բիբինն ինչ-որ բան ունի ասելու, որը չի ասում: Նա ինչ-որ բան է թաքցնում: Պատահական չէ, որ այդպես խուսափում է լրագրողների պայծառ հայացքներից: Այդ մասին գիտեն նաև իշխանությունները: Ախր այդ հսկայական գումարը հո մեկ օրվա մեջ չի՞ կուտակվել: Երեք հարյուր միլիոնը հասարակ թիվ չէ: Գոնե հիսուն միլիոնից սկսեին զգուշացնել: Բիբինի լռությունն ավելին ասաց, քան ինչ-որ բան ասելը»,- ասաց Ալավերդյանը: