Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի նիստին, որի ընթացքում քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չէր ներկայացել:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով ևս ներկա էր նիստին, Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բիբինի` նիստին չգալը երկուստեք պայմանավորվածության արդյունք է:
«Իմ պատկերացումներով` սա երկուստեք կազմակերպված սցենար էր: Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ սա բացառիկ դեպք է, այսպիսի բան չի եղել: Մենք էլ հայտարարում ենք` բացառիկ դեպք է, կասեցրեք` մինչև էդ մարդը գա, սակայն քվեարկության է դրվում թանկացման հարցը: Նազարյանն ասում է` որտե՞ղ է գրված Ձեր այդ առաջարկը: Մենք էլ ասում ենք, որ տրամաբանության մեջ է գրված»,- ասաց պատգամավորը:
Նա վրդովված է այն բանից, որ նիստի ժամանակ բոլորը միաբերան կոչ էին անում սառեցնել թանկացման գործընթացը, մինչդեռ` ՀԾԿՀ-ն քվեարկեց:
«Ես կարծում եմ, որ Բիբինի` Նազարյանին ուղղված նամակն էլ էր պայմանավորվածություն: Սա էլ է նախօրոք ծրագրված սցենար: Իմ այս ասածն, իրոք, կյանքի իրավունք ունի: Այս ամենը կանխամտածված է: Որևէ տրամաբանություն այս ամենում չկա»,- ընդգծեց Մարգարյանը:
Ըստ նրա` դեռ վաղուց ՀԾԿՀ-ին հորդորում էին հետաձգել էլեկտրաէներգիայի թանկացման գործընթացը, քանի դեռ ամեն ինչ ուսումնասիրված չէ, սակայն այդ հորդորներին որևէ մեկը ականջալուր չեղավ: Պատգամավորի կարծիքով` Ռոբերտ Նազարյանը կա\'մ պետք է հետաձգեր գործընթացը, կա\'մ էլ հրաժարական տար:
«Ինչ վերաբերում է լիցենզիային, սա էլ է, ըստ էության, այս սցենարի մեջ մտնում: Սա մեզ փորձելու համար է նաև: Ուզում են հասկանալ` կշարունակե՞նք պայքարել, թե՞ ոչ»,- ասաց Մարգարյանը:
Անդրադառնալով Բիբինի հնարավոր պաշտոնանկությանը` նա նշեց. «Բիբինի պաշտոնականությունը խնդրի լուծում չէ: Խնդիրն անձերի մեջ դիտարկել պետք չէ»:
«21 դրամ միջին գին վերցնելով ու 42 դրամով վաճառելով` Բիբինը չի բավարարվում: Հիմա էլ ասում է` 52 դրամ դարձրեք: Ի՞նչ ենք անելու: 30 հազար դրամ ենք միջինը վճարում: Մի քանի լամպ պետք է օգտագործենք, սառնարան, հեռուստացույց, ինտերնետ և այլն, վերջ: Ի՞նչ է, օրական միջինը 15-20 կիլովատտ չպե՞տք է օգտագործենք: 20 կիլովատտն էլ 1000 դրամ է: Ստացվում է` ամիսը 30 հազար դրամ: Մի ժողովորդ, որն այսօրվա դրությամբ ալրային հրուշակեղենի վրա է նստած, մակարոնեղեն է ուտում, հիմա էդ է՞լ եք տանում ձեռքից»,- շեշտեց Մարգարյանը` հավելելով. «Առանց մտածելու ասում են` շահույթ: Ի՞նչ շահույթ: Շահույթն իրենք են տնօրինում: Բա շահութաբեր կազմակերպությունն ինչո՞ւ չեք թողնում, որ պետական լինի: Ավելին` շահութից չի հանում իր վարկերի տոկոսը, մեզ է ասում: Սա նրա համար է, որ հետագայում հեշտությամբ թանկացնեն: Ժողովրդի մոտ ուզում են տպավորություն թողնել, թե լավություն են արել և 17-ի փոխարեն 6,93 դրամն են հաստատել»:
Հովհաննես Մարգարյանը նշեց նաև, որ իրենց խմբակցությունն օրենքի նախագիծ է պատրաստվում ներկայացնել, որը վերաբերում է ՀԾԿՀ-ի գործունեությանը: «Մենք առաջարկում ենք ՀԾԿՀ-ի կազմը փոխել, թող ժողովուրդը ներկայացուցիչ ունենա, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, Հանրային խորհուրդը, Փաստաբանների պալատն այնտեղ մարդիկ ունենան: Հանձնաժողովը պետք է իր որոշումների համար, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն կրի: Ոչ թե դնեն քվեարկեն, ծիծաղեն էս ժողովրդի վրա: Կա\'մ պետք է պատասխանատվություն կրի միլիոնավոր սպառողների շահերը ոտնահարելու համար, կա\'մ էլ պետք է հրաժարական տա: Ոչ էն են անում, ոչ էլ` էն, որովհետև օրենք չկա: Պետք է նաև միջազգային աուդիտ անել, որ նրանց գործունեությունն ուսումնասիրվի»,- ասաց պատգամավորը: