Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 12:28
Քաղաքական

Ստեփան Սաֆարյանը կողմ չէ Դավիթ Սանասարյանի հացադուլին

Ստեփան Սաֆարյանը կողմ չէ Դավիթ Սանասարյանի հացադուլին

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հացադուլի միջոցով նորից հավաքել ժողովրդին ու դուրս գալ պայքարի: Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ է սկսել, որն ուղղված է, ինչպես ինքը հայտարարեց, ոչ թե իշխանությունների, այլ հասարակության դեմ, որ նրանք դուրս չեն գալիս պայքարի, և որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ հասարակությունը դուրս կգա փողոց: 

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ կողմնակից չէ հացադուլի տարբերակին: «Շատ սիրելով Դավիթին, նա իմ կրտսեր լավ ընկերն է, այնուամենայնիվ, կողմ չեմ հացադուլին: Զարմանալի էր, որ նա կարող էր նման որոշում կայացնել: Շատ կուզեի, որ երիտասարդները հասկանան, թե ինչու են մարդիկ քիչ դուրս գալիս պայքարի: Այդ կոչերը` մի\' հեռացեք, մի\' գնացեք, մեզ միացեք, այդքան էլ տեղին չեն, որովհետև հասարակությունը ուժ սիրող հասարակություն է, առաջին հերթին մարդիկ պետք է ուժ տեսնեն քո մեջ, որ գան քո հետևից: 10 օր առաջ հասարակությունը տեսավ այդ ուժը այդ մի քանի երիտասարդների մեջ և գնաց նրանց հետևից: Բացի այդ` շատ կարևոր է, որ հասարակությունը ծրագիր տեսնի: Ես պատահական չնշեցի` մինչև հունիս 28-ը, որովհետև մինչ այդ երիտասարդներն ունեին շատ հասկանալի ալգորիթմով ծրագիր, իսկ հիմա մարդիկ հարց են տալիս` լավ, ի՞նչ եք ուզում անել»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Ստեփան Սաֆարյանը հավելեց, որ հասարակության ճնշումը պետք է ուժեղ լիներ այն օրը, երբ պետք է կայացվեր ՀԾԿՀ որոշումը էլեկտրաէներգիա թանկացնելու վերաբերյալ: Նրա խոսքով` այդ օրը` հունիսի 17-ին, ճիշտ է` բողոքի ակցիա եղավ, մարդիկ հավաքվեցին հանձնաժողովի մոտ, բայց նրանք քիչ էին: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դրա մասին խոսել է «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամների հետ, և նրանք ասել են, որ պետք է հասցնեին լավ իրազեկում իրականացնել, ահա` ինչու կարողացան հունիսի 19-ը հայտարարել հավաքի օր, և ոչ` հունիսի 17-ը: 

Նրա կարծիքով` պատահական չէր, որ իշխանությունը նույնպես սկսեց կարևորել հասարակության ընդվզման քայլերը, որովհետև հասկացավ, որ կառավարման ճգնաժամի առաջ է կանգնել, որ էներգետիկ համակարգի խնդիրները շղթայականորեն անդրադառնալու են ամեն ինչի վրա` բիզնես միջավայրի, աղքատության մեծացման,  շուկայի կրճատման, սոցիալական լարվածության, և կստեղծվի  պայթյունավտանգ իրավիճակ, ուստի իշխանությունն էլ է շահագրգռված, որ խնդիրը լուծվի:

Անդրադառնալով երիտասարդների կարգախոսին` «Մենք ենք տերը մեր երկրի», Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդ կարգախոսը մեր ավագ սերնդի կարգախոսի հակառակն է, որովհետև ավագ սերունդն ասում էր` առանց ռուսի չենք կարող ապրել: 

«Հիմա նոր սերունդը բեկում բերեց` ասելով` մենք ենք տերը մեր երկրի, որին հավատացինք, սիրեցինք, թերևս սա շարժման ամենակարևոր հաղթանակից մեկն էր»,- ասաց նա: