Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀԿ-ն առաջիկայում ստեղծելու է քաղաքական դպրոց: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանին անձամբ է հրավիրելու` իրենց դպրոցում դասախոսելու:
Yerkir.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը, արձագանքելով Աշոտյանի` իր նկատմամբ բարյացակամ տրամադրվածությանը և դասախոսության հրավերին, նշեց, որ գնահատում է Աշոտյանի և Հանրապետական կուսակցության այդ քայլը: «Ես ողջունում եմ բոլոր կուսակցությունների` ինքնակրթվելու ցանկությունը: Ես ուրախ եմ, որ երկար սպասված հայտարարություն է արվել, որ ՀՀԿ-ին անհրաժեշտ է կրթություն, և այս կապակցությամբ, հանուն արդարության, չեմ կարող չողջունել ՀՀԿ-ի այս քայլը: Հասկանում եմ` ինչու է հանրությունը հեգնանքով, ծաղրով վերաբերվում ՀՀԿ-ի այդ քայլին: Նրանք հայտարարել էին անունը` առանց բովանդակության, և չէին ասում` ինչ են ուզում անել»,- ասաց նա և հավելեց` քանի որ ինքը եղել է «Ժառանգության» միջազգային քարտուղարը, լավ հետևել է Աշոտյանի և Շարմազանովի վերջին շրջանի հանդիպումներին և հասկացել է, որ շուտով ինչ-որ բան է լինելու:
«Աշոտյանի պատից («Ֆեյսբուք»-ի) դա արդեն երևում էր նույնիսկ շաբաթներ առաջ: Նրանք շատ խորհրդավոր ասացին, որ առաջիկայում հայտարարություն կանեն: Ես հասկանում էի`ինչի մասին է խոսքը, բայց քանի որ ՀՀԿ-ն կիսատ-պռատ ներկայացրեց` ինչպես միշտ, բնականաբար, արժանացավ այդ վերաբերմունքին: Իրականում, այս մոդելը ԵԺԿ շրջանակներում շատ ընդունված է»,- ասաց Սաֆարյանը:
Ի դեպ, նա նշեց, որ գնահատում է Աշոտյանի` իր անձի մասին դրական կարծիքը, բայց չի կարող չասել, որ դասախոսներին ասուլիսների ընթացքում չեն հրավիրում: «Կարծում եմ` պարոն Աշոտյանը ճիշտ ձև չի ընտրել, բայց, այնուամենայնիվ, ինձ գնահատված եմ զգում նրա կողմից, Հանրապետական կուսակցության կողմից: Սիրով պատրաստ կլինեմ կարդալ «Ընտրություններ, ժողովրդավարություն և անվտանգություն» թեմայով դասախոսություն այդ դպրոցում, եթե ՀՀԿ-ն պատրաստ է ակադեմիական ազատության շրջանակներում լսել նաև իրենց սխալների մասին»,- ասաց Սաֆարյանը:
Նրան հարցրեցինք` հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ այդ ջերմ մթնոլորտի արդյունքում ինքը որոշի գնալ խորհրդարան ՀՀԿ-ի ցուցակով: Սաֆարյանն արձագանքեց. «Եթե ես ուզենայի խորհրդարան գնալ, ապա այդպիսի առաջարկ ունեցել եմ 2012 թվականին` Ավանի ընտրութուններում: Այնպես որ` եթե ինձ համար պատգամավոր դառնալը գերնպատակ լիներ, ապա ես կարող էի ընդունել առաջարկը և լինել Ավանի պատգամավորը` ՀՀԿ-ից»:
Նա մեր զրույցի վերջում կրկին ընդգծեց, որ դասախոսության հրավերներն ասուլիսների ընթացքում չեն արվում: «Հրավերները համաձայնեցվում են, պայմանները համաձայնեցվում են, վճարման սկզբունքները համաձայնեցվում են, այնպես որ` այդ ամենը միայն այդպես է լինում»,- ասաց Սաֆարյանը: