| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույց անող մի քանի երիտասարդների մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա հորդորեց նրանց հեռանալ Բաղրամյան պողոտայից և ասաց, որ տևական ժամանակով պողոտան փակելը լուրջ դժգոհություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների շրջանում:
«Գնացեք Ազատության հրապարակ, ակտիվ դերակատարում ունեցեք աուդիտորական հանձնաժողովում, փորձեք հայտնաբերել բացթողումները, որ հասարակությանը ցույց տաք, ոչ թե տևական ժամանակով փակեք պողոտան: Մի քանի օր առաջ մի քաղաքացի էր մոտեցել ու հայտնել իր դժգոհությունը ամբողջ բնակիչների անունից, դուք նրան դավաճան հայտարարեցիք, իսկ Օսիպյանին էլ ` սադրիչ: Գիտակից քաղաքացիներ եք, ինքներդ ապամոնտաժեք բարիկադները և վերականգնեք հասարակական կարգը»,- ասաց Օսիպյանը:
Ցուցարարներից մի երիտասարդ էլ ասաց, որ իրենք կապամոնտաժեն այն ժամանակ, երբ իրենց կողմից առաջ քաշած երեք պահանջները կյանքի կոչվեն: Օսիպյանը պնդեց, որ մի քանի հոգով կանգնելն ու պողոտան փակելը արդեն որևէ հարց չի լուծելու:
«Դուք արդեն իսկ շատ բան եք արել, դուք դա դեռ չեք գիտակցում: Բայց հիմա ձեր գործողություններով ձեր հանդեպ բացասական կարծիք եք ձևավորում: Ինչո՞ւ խումբ չեք ստեղծում` աուդիտը վերահսկելու համար, իզուր ժամանակ եք կորցնում»,- ասաց Երեւանի փոխոստիկանապետը: