Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայող է վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան:
Դեռ երեկվանից Իջևանում են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:
Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց, որ չեն պատրաստվում ցուցարարների պահանջը կատարել, և որ քրգործեր են հարուցվել խուլիգանության հատկանիշներով, ինչպես նաև՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար:
«Այս պահին ոստիկանական ստորաբաժանումներում բերման ենթարկված 19 անձ ունենք, և շարունակական են լինելու աշխատանքները՝ մեղավորներին հայտնաբերելու և ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար: Մենք հանդուրժող չենք լինելու, թույլ չենք տալու նման ոճով, պայմանով խոսեն ոստիկանության, պետության ներկայացուցչի հետ: Երկար տարիներ սովոր են եղել ոչնչացել անտառը, անօրինական զբաղվել են այդ անտառի առքուվաճառքով: Ցանկացած գործողություն լինելու է օրենքին համապատասխան: Կրկնում եմ՝ թույլ չենք տալու, որ նմանատիպ տոնով խոսեն ոստիկանության հետ և իրենք թելադրեն, թե հետագան ոնց անեն, ինչ անեն»,- շեշտեց Օսիպյանը:
Դիտարկմանը, որ ոստիկաններն իրենց լիազորությունները չեն կատարում, օրենքով սահմանված ուժ չի կիրառվում, ինչը թուլացնում է համակարգը, նա պատասխանեց. «Հանդուրժող լինել` չի նշանակում, որ ոստիկանը թույլ է: Կան քաղաքացիներ, որոնք հեղափոխությունից հետո լավ են հասկացել և ըմբռնումով են մոտեցել, որ մենք նրանցից մեկն ենք, որ բոլորի ոստիկանն ենք, անգամ՝ իրավախախտի և հանցագործի: Բայց կան մարդիկ, որոնք այդ հանդուրժողականությունը փորձել են որպես թուլություն դիտել: Ոստիկանությունը կիրառել, կիրառում և կիրառելու է ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական ուժ, այդ թվում՝ տարբեր տեսակի հատուկ միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»: