կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-05 10:41
Քաղաքական

Բարիկադները բզկտում են երկիրը՝ այն խոցելի դարձնելով արտաքին վտանգներին հանդիման.«Փաստ»

Բարիկադները բզկտում են երկիրը՝ այն խոցելի դարձնելով արտաքին վտանգներին հանդիման.«Փաստ»

«Երբ Հայաստանում նոր էր հաղթել հեղափո­խությունը, բոլորիս մեջ հույսեր էին արթնացել, որ հնարավոր կլինի կայացնել մրցունակ քաղա­քական համակարգ, այլ խոսքով՝ Հայաստանում կձևավորվի քաղաքական մրցակցային միջա­վայր, որտեղ գերիշխող կլինեն ոչ ատելությունն ու անտագոնիզմը, այլ մրցակցությունն ու փոխզիջումների ինստիտուտը: 

Սակայն դրական սպասումները շատ արագ ի դերև եղան, որովհե­տև Նիկոլ Փաշինյանի թիմն առաջնահերթ հա­մարեց հեղափոխական էյֆորիան օգտագործել իշխանության բոլոր թևերի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով:

Հայաստանում հիմա անտագոնիզմն ու ատելության խոսքը դարձել են քաղաքական, հանրային հարաբերությունների հիմնական բնութագրիչը: Դրա մասին բարձրաձայնում է նաև իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարության նիստում հրապարակային հանձնարարություն տվեց ԱԱԾ տնօրենին, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ քաղաքա­կան ու հանրային հարաբերություններում անտագոնիզմի նշաձողը սահմանել է հենց իշխա­նությունը, իսկ մյուս խաղացողները հետևում են հաստատված ժանրի կանոններին: Օրինակ՝ եթե իշխանությունն իրեն «սպիտակ» է հռչա­կում, ինքնաբերաբար մերժում է ընդդիմության ինստիտուտը, որովհետև «սև»-ն օրինաչափո­րեն ասոցացվում է ոչ թե այլընտրանքային դիրքորոշման, տեսակետի, այլ անցյալի, հին հա­մակարգի ռեստավրացիայի հետ:

Այլ խոսքով՝ իշխանությունը մտածված կոնսոլիդացնում է հասարակության լյումպեն շերտերին բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր սեփական տեսակետ ունեն կամ ինչ-որ հարցում «հանդգնում են» ընդդիմանալ իշխանություններին: 

Պետությունը չի կարող առաջընթաց ունենալ, եթե չկա ծրագրերի, գաղափարների մրցակցու­թյուն: Իշխանությունը չի գեներացնում գաղա­փարներ, չի ստեղծում ծրագրեր ու իր քաղաքա­կան կոմֆորտն ապահովում է անցյայի դեմ հա­կադրության ռեժիմում: Անցած մեկ տարվա ըն­թացքում Հայաստանի տնտեսությունը չի զար­գացել կամ աճը եղել է այնքան չնչին, որ թույլ չի տալիս խոսել բարեկեցության, առաջընթացի մա­սին, ու այս համատեքստում իշխանությանը հասարակությանը կոնսոլիդացնում է տեսարան­ներով աղմկոտ ձերբակալություններով նախկին­ների նկատմամբ անհանդուրժողականությամբ:

Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ առաջացել է բարիկադների բազմաշերտ համակարգ: Անտագոնիզմ կա անգամ իշխանու­թյան ներսում, որտեղ կառավարող կուսակցության երկու ներկայացուցիչներ (երկուսը՝ հրա­պարակային) իրար պիտակավորում են հասա­րակության աչքի առաջ: 

Անտագոնիզմի վիրու­սը խժռել է քաղաքական, հանրային ինստի­տուտները ու թափանցել է անգամ մարդկային հարաբերությունների դաշտ: Այս կոնֆիգուրա­ցիան գործող իշխանությանն առայժմ ձեռնտու է, որովհետև անտագոնիստական միջավայրում հեշտ է պարբերաբար թիրախներ գտնել, բացի այդ, բարիկադների հետևում սպանվում է որևէ մրցակցություն, ծրագրային վեճ, առհա­սարակ՝ բանական խոսք: 

Սակայն հասարակու­թյան լյումպենացման գործընթացը, ի վերջո, բումերանգի օրենքով հարվածելու է հենց իշ­խանությանը, որովհետև եթե հասարակությու­նը սովորում է ատելության խոսքին ու թիրախ­ներ փնտրելուն, ապա ոչ մի երաշխիք չկա, որ իշխանության վարկանիշային անկումը հասա­րակության անհանդուրժողականության թիրա­խի դերում չի դնելու Նիկոլ Փաշինյանի թիմին: 

Անհրաժեշտ է կանգ առնել, բարիկադները բզկտում են երկիրը՝ այն խոցելի դարձնելով արտաքին վտանգներին հանդիման»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում