Փոխարժեքներ
10 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի կուլմինացիոն շրջանում` հունիսի 28-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ ցուցարարներին ուղղված կոչով. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում եմ մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որեւէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն, միմյանց ընդառաջ քայլերով` մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը»:
Դրանից մեկ օր առաջ անվստահության մթնոլորտի խնդրին արդեն անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Տնտեսական բլոկի պետական մարմինների հետ հունիսի 27-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու` ցուցարարներին ուղղված առաջարկություններով, նախագահը նշեց. «Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա` մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր»:
Փաստորեն, ինչպես ԱԺ նախագահը, այնպես էլ երկրի ղեկավարը խոստովանեցին, որ հասարակական զանգվածներին փողոց հանելու և երիտասարդական շարժման` մեծ թափ ստանալու հիմնական պատճառը ոչ այնքան էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելն է, որքան համատարած անվստահությունը: Եթե ավելի պարզեցնենք այս միտքը, ստացվում է, որ երկրի պետական կառավարման` սահմանադրական առաջին երկու դեմքերի մակարդակով արվում է ինքնախոստովանություն առ այն, որ այս շարժման միջոցով հասարակությունն ուղղակի իր անվստահությունը հայտնեց թե\' սեփական պետությանը և թե\', հատկապես, գործող իշխանություններին: Միայն այս համատեքստում է ընկալելի, թե ինչու պետք է անվստահության մթնոլորտի նշանակությունը սրվի` ընդհուպ պետության անվտանգության շատ կարևոր խնդրի աստիճանի:
Թե\' Գալուստ Սահակյանը և թե\' Սերժ Սարգսյանը միանշանակ ճիշտ են ախտորոշում Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հասարակությունը, համենայն դեպս` դրա մեծամասնությունը, երկրի թիվ մեկ խնդիրը չի համարում էլեկտրաէներգիայի թանկացումը: Նման թանկացումներ եղել են նաև հանրային ծառայության այլ ստրատեգիական ոլորտներում: Այլ այն, որ ուղղակի չի հավատում այդ բարձրացումն արդարացնելու համար պետական իշխանության մարմինների բերած հիմնավորումներին և այն մարդկանց, ովքեր բերում են այդ հիմնավորումները: Սա պահի տակ ծնված կասկածամտության հետևանք չէ: Սա տարիների ընթացքում կուտակված` վստահության ճգնաժամի ժայթքում էր, որը ողջ աշխարհին բացահայտեց հայաստանյան ժողովրդավարության իրական դեմքը` կեղծ, շինծու, դեմագոգիկ, իմիտացիոն, որ այդքան հաջողությամբ շպարում էին միաժամանակ թե\' Արևմուտքը և թե\' Ռուսաստանը:
Սա անվստահության արտահայտում էր առհասարակ պետական կառավարման համակարգի նկատմամբ` այն հաշվով, որ այն ոչ միայն ունակ չէ կատարել, կոնկերտ այս դրվագում, սպառողների ու պետության շահերի սպասարկման համար նրանց պատվիրակված էներգետիկ համակարգի կենսունակությունը, անվտանգությունը և անխափանությունն ապահովելու գործառույթները, այլև ինքն է դրա հետևողական քայքայման հիմնական ճարտարապետներից մեկը` դրսևորելով բացարձակ անգործունակություն` ոլորտը վերահսկել չկարողանալու, և կոռուպցիոն շահագրգռություն` այդ համակարգի ընձեռած ստվերային շահույթից օգտվելու առումով:
Եվ չնայած այս ակամա ճշգրիտ ախտորոշմանը, որը ցանկացած աուդիտի արդյունքից ավելի խոսուն է, հիմա հարցն այն է, թե ի՞նչ է իշխանությունն անելու իրականում համակարգային բնույթ կրող այդ անվստահության ահռելի բեռի հետ: Նորմալ, ժողովրդավարական երկրում երկրի առաջին երկու դեմքերի, իշխող քաղաքական ուժի առաջնորդի կողմից վստահության բացակայությունն անվտանգության հիմնական սպառնալիք ճանաչելուց հետո իշխանությունն անհապաղ պետք է դներ իրեն վստահության հարցը: Որովհետև այդ սպառնալիքն ինքն է ծնել, այլ ոչ թե հասարակությունը կամ որևէ այլ ներքին կամ արտաքին սուբյեկտ: Բայց քանի որ Հայաստանը ոչ մի աղերս չունի քաղաքական և բարոյական պատասխանատվության հստակ մեխանիզմներով ու առողջ կառավարման մշակույթով օժտված երկրի հետ, նման ընթացք ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Մնում է անել մեկ բան` ուղղակի մանևրել, ժամանակ ձգել, հասարակության հետ մուկնուկատու խաղալ:
Գևորգ Աղաբաբյան