Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 23-ին, ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության, Սոչիում անցկացվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահների հերթական նիստը: Պաշտոնական Մոսկվան արդեն հրապարակել է նիստի մոտավոր օրակարգը, ըստ որի` հիմնական ուշադրության առարկան են դառնալու դաշինքի ներսում համագործակցության հետագա ամրապնդման, հավաքական անվտանգության համակարգերը բարելավելու հարցերը:
Սակայն Սոչիի այս գագաթաժողովն առանձնանալու է երկու բանով: Նախ` Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ռուսաստանն առաջարկելու է ստեղծել կազմակերպության կենտրոնացված ռազմաօդային ուժեր և, դրա հետ կապված, փորձելու է հասնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համաձայնությանը: Երկրորդն առնչվում է անդամ պետությունների սահմանների պաշտպանությանը, ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ է ներկայացվում` «հաշվի առնելով 2014-ից միջազգային ռազմական կոնտինգենտը Աֆղանստանից դուրս բերելու» հեռանկարը: Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է Աֆղանստանին հարևան Տաջիկստանի սահմանների պաշտպանությանը` կապված կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո իսլամական ծայրահեղականների հնարավոր ակտիվացման և թմրանյութերի տրանզիտային ուղիները վերահսկելու անհրաժեշտության հետ:
Սակայն չի բացառվում նաև, որ Մոսկվան այսպիսով փորձում է քաղաքական աջակցություն ստանալ ՀԱՊԿ-ի սահմաններին արևմտյան ռազմական կոնտինգենտը վերաբաշխելու հնարավորությունը բացառելու կամ առնվազն սահմանափակելու համար: Վերջինիս պարագայում խնդիրն առնչվում է նաև Հայաստանին, եթե հաշվի առնենք, որ Աֆղանստանից զորքերը դուրս հանելու` ԱՄՆ պլաններում Ադրբեջանը համարվում է ոչ միայն իբրև տրանզիտային երկիր, այլև Իրանի հյուսիսային շրջաններում հենց այդ կոնտինգենտի մի մասի միջոցով ռազմական ներկայության ապահովման ռեզերվային տարբերակ: Այս իմաստով Սոչիի հանդիպումը կարող է նոր ռազմաքաղաքական տեղաշարժերի նախանշման հիմք հանդիսանալ:
Բոլոր դեպքերում Հայաստանը ՀԱՊԿ-ի նման գագաթաժողովներին միշտ հատուկ կարևորություն է տվել: Պատճառն այն է, որ Հայաստանը հենց այս կազմակերպության վրա է կառուցել իր պետական անվտանգության հայեցակարգը, որը փաստացի սկսել է պայմանավորել երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընտրությունը: Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը միանալու որոշումը նախագահ Սերժ Սարգսյանը հիմնավորեց հենց ՀԱՊԿ-ի գործոնով: «Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ, գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»,-ասել էր ՀՀ նախագահը: Հետևաբար, Ռուսաստանի կողմից թե' կազմակերպության ռազմաօդային ուժերի ձևավորման և թե' անդամ պետությունների սահմանների պաշտպանության հարցերն օրակարգային դարձնելը բխում է պաշտոնական Երևանի որդեգրած կուրսից: Դրանով է պայմանավորվում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե «ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն»:
Պարզ է, որ Սերժ Սարգսյանը Սոչիում երկու ձեռքով կողմ է արտահայտվելու Վլադիմիր Պուտինի բոլոր նախաձեռնություններին: Մինչդեռ Սոչին Երևանի համար ոչ թե պուտինյան հերթական գաղափարներին համաձայնելու, այլ պահանջաստիրոջ կարգավիճակով հստակ հարցադրումներով հանդես գալու հնարավորություն պետք է համարվեր: Որովհետև եթե մի կողմ դնենք Հայաստանի իշխանությունների կողմից դրսևորվող բոլոր ձևականությունները, ակնհայտ աչքակապությունները, ո'չ ՀԱՊԿ-ին ու ո'չ էլ Ռուսաստանին այս պահին հնարավոր չէ վստահելի գործընկեր, հետևաբար, նաև անվտանգության ապահովման վստահելի երաշխավոր համարել:
Սոչիի գագաթաժողովի նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռուսական «Կուրգանմաշզավոդ»-ը Ադրբեջանի պատվերով սկսել է արտադրել «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգեր: Ըստ այդ գործարքի` ռուսական կողմը Ադրբեջանին պետք է 18 միավոր նման համակարգ մատակարարի: Առնվազն տարօրինակ, եթե չասենք զավեշտալի է, որ, մի կողմից, Ռուսաստանը, ընդլայնելով Ադրբեջանի հետ զինտեխնիկայի մատակարարման բիզնեսը, շարունակում է զինել իր դաշնակցի` Հայաստանի հակառակորդին, իսկ մյուս կողմից` ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների պաշտպանության հարց է բարձրացնում: Ստացվում է, որ Հայաստանն իր անվտանգության համակարգը կառուցում է ոչ թե ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ ստրատեգիական գործընկերության, այլ, մի կողմից, ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության կամ բիզնես հետաքրքրությունների, իսկ մյուս կողմից` ՀԱՊԿ մյուս անդամների հետ հենց Ղարաբաղի հարցում ունեցած հակասական դիրքորոշումների ու փոխըմբռնման գրեթե բացարձակ բացակայության վրա: Ավելի պարզ ասած` Հայաստանի անվտանգության գլոբալ համակարգը ներկայումս կառուցվում է սեփական շահերի անտեսման վրա, ինչը ոչ միայն վտանգավոր է, այլև անտրամաբանական ու աբսուրդային:
Եվ ահա փոխանակ Սոչիի գագաթաժողովին ընդառաջ այս պարզ իրողությունների շուրջ թեկուզ ոչ ուղղակիորեն (եթե համարձակությունն ուղղակի արտահայտվելու համար չի բավարարում) բարձրաձայնելու, անհանգստություն և անբավարարություն հայտնելու, ՀՀ ԱԽՔ-ը լիակատար գոհունակություն է հայտնում Ռուսաստանի հերթական նախաձեռնությունների կապակցությամբ: Այնպիսի տպավորություն է, որ Արթուր Բաղդասարյանը և ընդհանրապես դիվանագիտական ողջ էշոլոնը չեն հասկանում` ինչ է իրենց շուրջը կատարվում կամ, հասկանալով հանդերձ, նախընտրում են ինքնախաբեությամբ մնալ իրենց իսկ հորինած «ռելաքսի» մեջ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ