կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 23:01
Հասարակություն

Հոգեբանական ճնշում են գործադրում մարդկանց վրա, բայց չեն կարող ստիպողաբար ընտրության տանել․ Մասիսի համայնքապետի թեկնածու

Մեր ցուցակում ընդգրկված 2 անձի հանդեպ ճնշումներ են եղել, փորձել են մնացածի նկատմամբ էլ ճնշումներ գործադրել, բայց չի ստացվել՝ հոգեբանորեն են փորձում ճնշել, համայնքային ծառայողներին, մարզպետարանից են զանգում։ Այս մասին Մասիս քաղաքում հրավիրված նախընտրական հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մասիսի գործող քաղաքապետ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով նախընտրական փուլում ստեղծված իրավիճակին։

«Մարզպետարանի մի ներկայացուցչի հետ խոսելիս հարցրի՝ ինչու՞ եք նման բան անում, ասաց՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող աշխատողները պետք է մարզպետարանին լսեն, ասացի՝ ցավում եմ, որ մարզպետարանը մինչեւ հիմա չի հասկացել, որ համայնքային ծառայողը մարզպետարանի ենակայության տակ աշխատողը չի։ Մեր թեկնածուների վրա որեւէ ազդեցություն չկարողացան ունենալ՝ 2 հոգի է դուրս եկել ցուցակից՝ ես եմ հորդորել այդպես անել, որովհետեւ մարդկանց ստիպում էին, որ իրենց երեխաներն ազատվեն աշխատանքից։ Մարդկանց ստիպելով չեն կարող հավաքել, իրենց կամքով նրանք պետք է գան հանրահավաքի։ Մեր սիրելի մանկավարժներին ես կոչով դիմեցի՝ խորը հարգանք եմ նրանց նկատմամբ տածում։ Կարծում եմ՝ մանկավարժներին նույնպես ստիպելով չեն կարող քվեարկության տանել, կարող է՝ հանրահավաքի կարողանան տանել, բայց դա չեմ կարծում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենա»,- ասաց Համբարձումյանը։

Ընտրվելու դեպքում խոստանում է, որ առաջինը ազատվելու են համայնքների երկարամյա այն ղեկավարներից, որոնք «կեղտոտ միջոցներով փորձում են քաղաքացիներին ընտրությունների տանել»։

«Փակելու ենք աղբավայրը, որը չարիք է դարձել մեր հասարակության համար։ Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցներին, որովհետեւ էլի տեղեկություններ եմ ստանում, որ որոշ համայնքների ղեկավարներ՝ Գեղանիստում, Մարմարաշենում, Դարակերտում, փորձելու են ընտրությունների օրն իրենց կեղտոտ ոճով աշխատել, եկեք, փորձենք կանխել նման գործելաոճը։ Քաղաքացիներին պետք է թողնենք, որ իրենց կամքով ընտրություն կատարեն, չի կարելի ստիպողաբար մարդկանց տանել ընտրության։ Մեր շանսերը բարձր եմ գնահատում, հույս ունեմ՝ մեր քաղաքացիները մեր հույսերը կարդարացնեն»,- նշեց Դավիթ Համբարձումյանը։

Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում պայքարելու է քաղաքական երկու ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Իշխող ուժի համամասնական ցուցակը գլխավորում է ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանը, որը նախկինում եղել է ՀՀԿ աջակից, իսկ 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածու է եղել ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Հայրապետյանը նաեւ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։

Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է, որպես պատգամավորության թեկնածու առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով այս տարվա հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, բայց Մասիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իր անունը կրող դաշինքի ձեւաչափով։