Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկիզբն աչքի ընկավ լարվածությամբ. պատգամավորների մեծ մասը, կապված լուսադեմին տեղի ունեցած իրադարձությունների հետ, չէր ցանկանում անցնել օրվա աշխատանքներին ու քվեարկությանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղից պահանջում էր միացնել խոսափողը, որ խոսի վարման կարգի վերաբերյալ, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արդեն իսկ հասկանալով, թե ինչի մասին է խոսելու Զարուհի Փոստանջյանը, հրաժարվեց միացնել նրա խոսափողը` ասելով, որ պետք է խոսել միմիայն վարման կարգի վերաբերյալ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել հարյուրավոր մեր քաղաքացիների նկատմամբ, 237 քաղաքացի տարվել է ոստիկանության բաժանմունքներ, որոնց թվում են լրագրողներ, ովքեր իրենց աշխատանքն են կատարել, ջարդվել են նրանց տեսախցիկները, բռնագրավվել դրանց հիշողության սարքերը, բազմաթիվ քաղաքացիներ հետապնդվել են ու տարվել բաժիններ: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել լրագրողներին և մնացած քաղաքացիներին»:
Նա հավելեց, որ, ի նշան բողոքի, ՀԱԿ-ը լքում է նիստերի դահլիճը:
Գալուստ Սահակյանը նշեց. «Բոլորս էլ հետևել ենք ու ունենք մեր գնահատականները, ցավ ենք ապրում բոլորս էլ: Համենայն դեպս, վարման կարգի հետ չէր առնչվում Ձեր ելույթը, պարզապես հարգանքով մոտեցա: Եթե այս հարցը պետք է քննարկել, շահագրգիռ կողմերին կհրավիրեմ, եթե խնդիրներ կան, փորձենք լուծել»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Դուք, պարո\'ն Սահակյան, արդեն առաջարկեցիք, այլ բան չեմ ասի, առաջարկում եմ հենց առաջին ընդմիջմանը խմբակցությունների պատասխանատուներին հրավիրել և քննարկել»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ոչ միայն խմբակցությունների ղեկավարներին, այլև ովքեր ասելիք ունեն, հրավիրվում եմ մեզ մոտ»:
Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով. «Դեպքերի թատերաբեմից եմ գալիս, ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին` լրագրողների մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու կապակցությամբ»:
Գալուստ Սահակյանն անընդմեջ դիտողություն էր անում վարման կարգով խոսք վերցրած պատգամավորներին` ասելով, որ ինքն արդեն առաջարկել է այդ թեմայի վերաբերյալ քննարկում անցկացնել, բայց պատգամավորները ստիպում են անջատել խոսափողները:
Էդմոն Մարուքյանն առաջարկեց, ոչ թե սպասել ընդմիջմանը, այլ հենց քվեարկությունից հետո քննարկել, որովհետև չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի եղել Բաղրամյան պողոտայում, ապա` շարունակել աշխատել:
Գալուստ Սահակյանը չհամաձայնեց:
Զարուհի Փոստանջյանը ելույթի իրավունք խնդրեց, կրկին սկսեց խոսել Բաղրամյան փողոցում կատարվածի մասին, և հենց առաջին նախադասությունից հետո Գալուստ Սահակյանը նրա խոսափողը անջատել տվեց: