Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երևանը և Բաքուն բացարձակապես տարբեր կերպ մեկնաբանեցին այս շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի և Հայաստանի դեմ, համապատասխանաբար, հայ և ադրբեջանցի փախստականների հայցերի բավարարումը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասում է, թե Հայաստանի դեմ Չիրագովի և մյուսների գործով կայացված որոշումը անհատական դատական ակտ է, որը չի կարող ազդել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վրա: Նա ավելացնում է, որ փախստականների վերադարձի հարցը այդ բանակցությունների մասն է և կարող է լուծում ստանալ միայն համապարփակ կարգավորման արդյունքում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը, սակայն, ավելի վաղ հայտարարություն էր տարածել` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումը գնահատելով որպես իրենց տարածքների բռնազավթմանը Հայաստանի մասնակցության և այդ տարածքներում Հայաստանի ռազմական ներկայության իրավական հաստատում:
ՄԻԵԴ-ի այդ որոշումները մեծ չափով բխում են Ադրբեջանի շահերից: Նախ`«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը հաստատված է համարում, որ Հայաստանը թե\' զինվորականներով և թե\' զինտեխնիկայի մատակարարման միջոցով ոչ միայն ի սկզբանե ներգրավված է եղել ԼՂ հակամարտության մեջ, այլև, որ այդ չափով իրավազորություն ունի նախկին ԼՂԻՄ և հարակից մյուս տարածքներում: Այսինքն` եթե նույնիսկ ՄԻԵԴ-ը Հայաստանին ուղղակի չի մեղադրում Ադրբեջանի տարածքները բռնազավթելու մեջ, ապա առնվազն դրա մասնակիցն է համարում` ճիշտ է, անհասկանալի թողնելով, թե այդ դեպքում ո՞վ է հիմնական բռնազավթողը: Հենց դա է պատճառը, որ ՄԻԵԴ-ը Հայաստանին է պարտավորեցնում փոխհատուցել այդ տարածքներից հեռացած ադրբեջանցի փախստականների գույքի և ունեցվածքի կորստի համար, թեև այդ տարածները հիմա ԼՂՀ-ի մաս են կազմում:
Մինչդեռ, իր տարբերություն սրա, Ադրբեջանի դեմ Սարգսյանի հայցի բավարարման վճռում ՄԻԵԴ-ը բավարարվել է` խնդիրը քաղաքացիական իրավունքների ոտնահարման շրջանակում դիտարկելով: Թե\' Հայաստանի դեմ վճռի բովանդակությունը, թե\' Բաքվի կողմից հնչող մեկնաբանությունները որևէ կասկած չեն թողնում, որ Ադրբեջանը քաղաքականացնելու է ՄԻԵԴ-ի որոշումները` դրանք ներկայացնելով իբրև Հայաստանին ագրեսոր ճանաչելու` միջազգային իրավական հիմնավորում` չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի որոշումն իսկապես անհատական է և ուղղակի իմաստով հակամարտության կարգավորման վրա իրավական ազդեցություն ունենալ չի կարող: Ինչպես ՄԱԿ-ի չորս բանաձևերն է Բաքուն ներկայումս համառորեն փորձում ներառել ԼՂ բանակցություններում` իբրև կարգավորման իրավական հիմք, նույն կերպ ձգտելու է օգտագործել նաև ՄԻԵԴ-ի այս որոշումը: Հետևաբար, ՄԻԵԴ-ը, կամա, թե ակամա, զարկ տվեց Ադրբեջանի դիրքորոշումների կոշտացմանը, բանակցությունները տապալելու քաղաքականությանը և նույնիսկ հարցը պատերազմական ճանապարհով լուծելու ձգտումներին:
Բաքուն ամեն ինչ անելու է, որ ներկայիս ԼՂՀ-ի տարածքում Հայաստանի իրավազորության և ԼՂ-ին ռազմական օժանդակության ցուցաբերման մասին արված ձևակերպումները որքան հնարավոր է ճշգրտորեն տեղ գտնեն իր կողմից տարբեր միջազգային կազմակերպություններում իրացվող հակահայկական բանաձևերում: Մինչև հիմա Բաքուն չէր համարձակվում ԼՂ հիմնահարցը տանել միջազգային դատարան: «Չիրագովն ընդդեմ Հայաստան»ի գործով վճիռը կարող է այս մոտեցումը վերանայելու և պրոցեսը քաղաքական հարթությունից նաև դատաիրավական դաշտ տեղափոխելու շահագրգռություն առաջացնել Բաքվում: Պատճառը ՄԻԵԴ-ի տված հույսն է, որ վճռում արվող նպաստավոր ձևակերպումները կարող են նախադեպային նշանակություն ունենալ:
Բայց, անկախ դրանից, Հայաստանի դեմ անհատական դատական պրոցեսներ հարուցելու և շահելու իմաստով ՄԻԵԴ-ի այս վճիռները միանշանակ նախադեպային են: Չի բացառվում, որ առաջիկայում ադրբեջանցի փախստականների կողմից Հայաստանի դեմ հայցերի հեղեղ սկսվի Եվրոպական դատարան: Իհարկե, նույնը կարող է տեղի ունենալ հակառակ կողմից: Սակայն դրանք այդ աստիճան ինտենսիվ ու պետականորեն կազմակերպված բնույթ չեն ունենալու, իսկ մյուս կողմից` Ադրբեջանի վրա այդ հայցերի բավարարման հետևանքները, թեկուզ ֆինանսական իմաստով, այնքան ցավալի չեն լինելու, որքան Հայաստանի համար:
Այս վճիռները կարող են առհասարակ խարխլել ԼՂ կարգավորման բանակցային` առանց այն էլ խարխուլ գործընթացը, որը, ինչպես հայտնի է, կառուցված է «ոչինչ որոշված չէ, քանի դեռ որոշված չէ ամեն ինչ» սկզբունքի վրա: ՄԻԵԴ-ը Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին պարտավորեցնում է ստեղծել փախստականների խախտված իրավունքների, վերականգնման, փոխհատուցման մեխանիզմներ: Մինչդեռ, ինչպես նկատում է ՀՀ արտգործնախարարը, փախստականների հարցը բանակցությունների` փոխադարձաբար շաղկապված բաղադրիչներից մեկն է: ՄԻԵԴ-ը, փաստորեն, կողմերին դրդում է դրանց անդրադառնալ բանակցություններից դուրս:
Ինչպես տարածքների վերադարձման խնդիրն է Ադրբեջանը, որպես նախապայման, փորձում առաջնահերթ դարձնել բանակցություններում, այնպես էլ փախստականների իրավունքների վերականգնման հարցն է կտրելու բանակցությունների կոնտեքստից` ոչ թե լուծում տալու, այլ բանակցությունները կասեցնելու, տորպեդահարելու նկատառումով: Իսկ սա նշանակում է վերջ տալ մադրիդյան ներկայիս պրոցեսին: Ահա, թե ինչու է այս վճիռների մասով «համեստորեն» լռում պաշտոնական քարոզչամեքենան: Եվ չնայած այս տխուր իրողություններին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը որոշ շրջանակներ հորթի հրճվանքով ներկայացրին որպես հաղթանակ...
Գևորգ Դարբինյան