Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանն «անտեսում է Հայաստանի կողմից ներխուժման և օկուպացման վերաբերյալ ճնշող արձագանքը»: Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ երկուշաբթի Ադրբեջանի ներկայացուցիչը քննադատություն էր հնչեցրել իր հայտարարության վերաբերյալ, որով հերքվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի անօրինական բռնազավթումը կամ ԼՂ իշխանությունների վերահսկումը,
«Նույնը կարելի է ասել նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի և փաստաբանների կողմից: ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր: Այլ փոխարենը անդրադարձել է ԼՂ-ի տեղի հայկական ուժերին՝ որպես օկուպացնող ուժերի, և կողմերին կոչ արել անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակում:
Ադրբեջանն՝ ի տարբերություն, միակողմանիորեն որոշել է, ինչպես նախագահ Ալիևն է ասել, որ պատերազմն անխուսափելի է, և որ ՄԽ-ը մահացած է: Եվ էլի՝ նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չհանդգնեց հերքել»,-հավելեց փաստաբանը:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին, ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպությունների թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի ռասիստական օկուպացիայի մասին: Փաստաբանի խոսքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ տեղացի ներկայացուցիչները երբեք չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ:
«Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը, և այսօր էլ շարունակում է դա անել: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»,-հավելեց Եղիշե Կիրակոսյանը: