Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը: Այդ մասին Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իսկ, այ, երեկ կարելի է ասել, «եվրոպական» օր էր: Նախ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրեցին Հայաստանի ու ԵՄ միջև «Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Խոսքը, ինչպես կռահեցիք, Եվրամիության դիտորդական առաքելության մասին է, որի վտիտ ուսերին է դրված Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու, ադրբեջանական հարձակումները կանխելու ծանր գործը:
Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «անվտանգության դոկտրինի» համաձայն, եվրադիտորդներն այդ գործում մեծ դեր ունեն: Եվ, օրինակ՝ Տեղ գյուղի մոտ եղած միջադեպի ժամանակ բոլորը տեսան, թե եվրադիտորդները ինչպիսի՜ հերոսական ջանքերով կանխեցին ադրբեջանական զորքի առաջխաղացումը՝ ունենալով ընդամենը հեռադիտարկներ: Բայց ԵՄ դիտորդները հատուկ տեխնոլոգիա են կիրառում, որը նրանց անտեսանելի է դարձնում, թերևս այդ է պատճառը, որ նրանց հիմնականում «տաք վայրերում» չեն տեսնում, այդ թվում՝ հիշյալ միջադեպի ժամանակ: Նշված առաքելությունը, նկատենք, ներառում է 103 հոգուց բաղկացած միջազգային անձնակազմ: Զորեղ անձնակազմ է, ոչինչ չես ասի: Այժմ սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը կարող է հանգիստ քնել և ամենևին չմտահոգվել իր անվտանգության համար. ԵՄ դիտորդները խաղաղությունը կապահովեն:
Ինչևէ: Օրը, հիրավի, «եվրոպական» էր, որովհետև երեկ նաև հրապարակվեց «Արմենպրեսի» ընդարձակ հարցազրույցը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը հետաքրքրական է ոչ միայն նրա պաշտոնի կամ կարգավիճակի առումով, այլև այն տեսանկյունից, որ հիշյալ գործիչը՝ Կլաարը, կարելի է ասել, Փաշինյանի իշխանության եվրոպական համակարգողն է: Ի դեպ, ասում են, որ դա չի խանգարում, որ Տոյվո Կլաարը միաժամանակ համարվի Ալիևի կլանի «լավ բարեկամը»: Այդ ընդարձակ հարցազրույցում Կլաարը, բնականաբար, ջերմորեն պաշտպանել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, խոսել է այն մասին, որ «միջանցքները» ընդամենը ճանապարհներ են:
Ուշադրություն ենք հրավիրում այն «մանրուքի» վրա, որ հարցազրույցում բացարձակապես ոչինչ չի ասվում, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով անցնելիք հայկական բեռների (էլ չենք ասում՝ հայ ուղևորների) անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ խոսքը բացառապես ու միմիայն ադրբեջանաթուրքական բեռնափոխադրումները և ուղևորահոսքը սպասարկող «ճանապարհների» մասին է, որոնց վերաբերյալ բոլորի, այդ թվում՝ Կլաարի մտահոգությունն այն է, որ հանկարծ ու հանկարծ չվնասվեն: Դե, դրա համար ԵՄ-ն մեծ փողեր կգտնի և Փաշինյանի իշխանությանը կօգնի ձևավորել հատուկ պատժիչ ջոկատներ, որոնց հիմնական գործառույթը թերևս կլինի տվյալ ճանապարհային միջանցքներով անցնող ադրբեջանական թուրքերին ու նրանց բեռները պաշտպանելը:
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն ասում է. «Մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձևաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով: Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր: Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, և կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են:
Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Հասկանալի է, այստեղ խոսքը նաև Ալիևի վերջին շրջանի կեցվածքի, այսինքն՝ այն մասին է, որ նա հետևողականորեն խուսափում է Արևմուտքի հովանու ներքո Փաշինյանի հետ հանդիպումներից: Իսկ ինչո՞ւ չխուսափի, եթե ինչ իրեն պետք էր, դեռ մի քանի անգամ էլ ավելին արդեն ստացել է այդ նույն Արևմուտքի օգնությամբ, իսկ մնացյալն էլ, առանց իր մասնակցության, Փաշինյանը սիրահոժար ու պատրաստակամորեն անում է, լինի դա Արցախն ուրանալը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Իսկ ընդհանուր առմամբ, չի լքում զգացողությունը, որ նման հայտարարություններով, Կլաարը լինի, թե մեկ ուրիշը, պարզապես փափուկ-փափո՜ւկ բարձ է դրվում հայերի գլխի տակ: Հասկանալի է, ամենևին էլ ոչ «բարի երազների» համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում