Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնքանի տարի նրանք փողոցային պայքար էին մղում՝ առանց հասկանալու, թե ինչի համար էին մղում, միգուցե դա զուտ պաշտոնի համար էր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց բարձրագույն որակավորման կենտրոնի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ իր համար այժմ անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդկանց, որոնց համարել է լավ ու կոմպետենտ, պաշտոնը նրանցից շատերին փչացրեց․ «Ու, իրականում, նրանք այն գաղափարները չունեին…»։
Գոգյանն ասաց, որ ընկել էր մի միջավայր, որտեղ ինքն ու իր գաղափարներն ամբողջությամբ խորթ էին։
Նա պատմեց իր նշանակման պատմությունը․ «2018-ի հունիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքով գրեց՝ մի հատ հեռախոսահամարդ ասա: Կատակով գրեցի՝ փոխնախարար չեմ ուզում: Ասեց՝ ուրիշ հարց է, զանգեց, բա՝ նախարարն ուզում է հետդ խոսի: Պատրաստվեցի, արագ գնացի, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց՝ քեզ նշանակում ենք ԲՈԿ-ի նախագահ: Ասացի՝ մի շաբաթից Սաուդյան Արաբիա եմ գնալու, 10 օրից գալու եմ, հետո մեր դպրոցականներին տանելու եմ միջազգային օլիմպիադայի՝ Ռումինիա, հուլիսին կգամ, մինչեւ այդ կհասկանանք: Ասեց՝ լավ: Ես գնացի տուն, հաջորդ օրն իմացա, որ ես նշանակվել եմ ԲՈԿ-ի նախագահ, այսինքն, ես առանձնապես ժամանակ էլ չեմ ունեցել այդ ամեն ինչը քննարկելու, խորհրդակցելու, հասկանալու»։
Նա նկատեց, որ կա ընդունված գիտական թեզ, որ հեղափոխությունները խարխլում են պետության հիմքերը և համաձայնեց՝ ճիշտ է, նախկին իշխանությունները ուրիշ ձեւ չէին թողել փոխելու, բայց մենք տեսանք, որ պետականությունն ավելի խարխլվեց։
Գոգյանն ասաց՝ անձամբ ինքը փողոցային պայքարի կողմնակից երբեք չի եղել:
Սմբատ Գոգյանի վերաբերմունքը գիտնականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին, հետևյալն է. «Գիտնականներ կլինեն, որոնք պահանջում են, բայց չեմ կարծում, որ դա ամբողջ գիտական հանրույթի պահանջն է: Գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի: Կարող ենք ստորագրահավաք անել, թե որ գիտնականները չեն պահանջում, բայց եկեք պառակտում չանենք»:
Սմբատ Գոգյանը նաև նշեց, որ առաջիկայում էլ այս կառավարության հետ չի աշխատի, քանի որ փորձը ցույց տվեց, որ իր հնարավորությունները շատ ավելի հզոր են և ինքը միայնակ շատ ավելի բան կարող է անել, քան թե կառավարության ներսում։
Մանրամասն՝ տեսանյութում․