կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 15:39
Տնտեսական

Էլեկտրաէներգիայի, գազի թանկացման հետ միասին օղու, ծխախոտի, դիզվառելիքի թանկացում

Էլեկտրաէներգիայի, գազի թանկացման հետ միասին օղու, ծխախոտի, դիզվառելիքի թանկացում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով նախատեսվում է վերանայել ակցիզավորման ենթակա որոշ ապրանքների դրույքաչափերը, մասնավորապես` օղու, ծխախոտի, դիզվառելիքի:

Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարց ուներ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Նա հարցրեց, թե որքանո՞վ են թանկանալու այդ ապրանքները ակցիզավորման դրույքաչափերի վերանայման հետեւանքով:

Վախթանգ Միրումյանը նշեց, որ բենզինի մեկ տոննայի համար գնի բարձրացումը կազմելու է ընդամենը 8 հազար դրամ, իսկ եթե դա վերածենք լիտրի, ապա մեկ լիտրի թանկացումը կլինի ընդամենը 6 դրամ, ինչը, ըստ փոխնախարարի, չի կարող էական ազդեցություն ունենալ գների վրա, նույնիսկ կա հավանականություն, որ գների վրա ոչ մի ազդեցություն չի թողնի ակցիզային դրույքաչափի ավելացումը:

Ավելի ուշ իր ելույթում պատգամավորը կարծիք հայտնեց, որ, քաղաքական ու հասարակական տեսանկյունից, այդ օրենքի փոփոխությունը խնդիրներ է առաջացնելու, դոմինոյի էֆեկտով կլինեն թանկացումներ` տրանսպորտից ու հացից սկսած: Նա հարցրեց, թե արդյո՞ք հաշվարկներ կան, թե ինչ ազդեցություն է այն ունենալու սպառողական զամբյուղի վրա:

«Բարձրանում են էլեկտրաէներգիայի, բենզինի, գազի, տարբեր` առաջին անհրաժեշտության ապրանքների գներ, երբ ծանր վիճակում է երկիրը և ներդրումների խնդիր ունի: Այս պայմաններում ակցիզային հարկն ենք ավելացնում. կթանկանա օղին, ծխախոտը, ինչը նշանակում է, որ ունենք խնդիրներ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հանգեցնելու է ավելորդ սոցիալական դժգոհության, մարդիկ կհայտնվեն խուճապի մեջ` չհասկանալով` ինչ է կատարվում համատարած թանկացումների ետևում:

Պատգամավորն անընդունելի համարեց այդ օրենքի նախագիծը ԱԺ բերելը` առանց հանձնաժողովում քննարկելու, հապշտապ, արտահերթ կարգով բերելը, քանի որ այն կապված է տնտեսական ու սոցիալական լուրջ խնդրի հետ: