կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 16:32
Քաղաքական

Դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում. Սերժ Սարգսյանը՝ Սամեդ Սեյիդովին

Բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ:  Քիչ առաջ ԵԽԽՎ-ում նման հայտարարություն արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի բոցաշունչ հարցի, որն ավելի շատ ելույթ հիշեցրեց:

Սեյիդովը, ինչպես եւ սպասվում էր, հերթական անգամ ներկայացրեց Խոջալուի դեպքերի ադրբեջանական տարբերակը: Նա արտահայտված վրդովմունքով հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Սարգսյանը չի անդրադառնում այդ դեպքերին, նրանց որակմամբ՝ ցեղասպանությանը: Ադրբեջանցին փորձեց բարձրացնել նաև Արցախյան հարցը՝ 7 տարածքների «օկուպացման» մասին ադրբեջանական մշտական «երգը երգելով»:

«Այսքանից հետո Դուք դեռ փորձում եք մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- հուզաթաթախ ձայնով Սարգսյանին դիմեց նա:

Նախագահ Սարգսյանը նախ, դիմելով Սեյիդովին, կոչ-հորդոր հնչեցրեց` մի քիչ հանդարտվել եւ իր խոսքերը չխեղաթյուրել:

«Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ Արցախյան պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թե ինչո՞ւ չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ ցավալի իրադարձություններից հետո Այազ Մութալիբովը շատ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր, ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ: Գիտե՞ք, մի միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ձեզ ինչո՞ւ է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որը չի եղել»,- նշեց Սարգսյանը:

Նախագահը հստակ հայտարարեց, որ չկա միջազգային կառույցների կողմից  ընդունված որեւէ որոշում, որը ՀՀ-ի կողմից մերժվում է: «Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ երբ ընկղմվում եք մի թեմայի մեջ, ընկղմվեք ու ուսումնասիրեք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին. 1993 թվականին ընդունել է 4 բանաձեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները: Այդ 4 բանաձեւում ՀՀ-ի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար, եւ, ի պատիվ ՀՀ-ի այն ժամանակվա իշխանությունների, մենք կատարել ենք այդ պարտավորությունը: Այսօր բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»,- խոսքը եզրափակել է նախագահ Սարգսյանը: