կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 13:09
Իրավական

Ռուս զինծառայողի սպանության գործով իրավազորության հարցը որոշելու համար ՔԿ-ն դիմել է դատախազին

 Ռուս զինծառայողի սպանության գործով իրավազորության հարցը որոշելու համար ՔԿ-ն դիմել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով քննության իրավազորության հարցը որոշելու համար քրեական գործն ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Հաշվի առնելով երկկողմ պայմանագրի սկզբունքները` քրեական գործի նյութերն ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` այն ըստ իրավազորության ուղարկելու համար»,- ասաց նա:

Տռուզյանի խոսքով՝  դատախազը գրավոր ցուցում է տվել՝ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակել գործի քննությունը:

Հիշեցնենք, որ երեկ էլ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ մինչ այս պահը դատախազությունը չի քննարկել քրեական գործի նյութերը ռուսական համապատասխան մարմիններին ուղարկելու հարցը:

 Այսօր էլ news.am-ը գրել էր, որ Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով նախաքննությունը Քննչական կոմիտեն շատ արագ ավարտել է, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ:  Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, սակայն այնտեղ մեզ հայտնեցին, որ իրենք իրավասու չեն պատասխանել, խորհուրդ տվեցին դիմել ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով խորհրդականին: Նա, սակայն, մեր զանգերին չի պատասխանում:

Այս կապակցությամբ  քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը yerkir.am-ին հայտնեց, որ  ներկա պահին անլուրջ է խոսել նախաքննության ավարտի մասին, առավել ևս, երբ ՔԿ-ի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ ներգրավված անձ չկա, հետևապես` մեղադրական եզրակացություն չէր կարող կազմվել: Նա նշեց, որ ռուս զինծառայողի սպանության գործի նախաքննությունը շարունակվում է: