Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ու ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած` «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ անելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագիծը նախատեսում է առաջնագծում վիրավորված զինծառանողների համար բուժում արտասահմանում:
ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը կարևորեց ոչ միայն մարտական հերթապահության ընթացքում վիրավորված զինծառայողների խնդիրների հարցը, այլ, որ բուժումը տարածվի բոլոր զինծառայողների վրա:
Նշենք, որ ՕԵԿ-ը երկու առաջարկություն է ներկայացրել հեղինակներին, որոնցից մեկն ընդունվել է, մյուսը՝ ոչ:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ նախագիծը վերաբերում է միայն առաջնագծում ու մարտական հերթապահության ժամանակ վիրավորված զինծառայողներին, և պաշտպանության ու ֆինանսների նախարարությունները քննարկել և ընդունել են հենց այդ տարբերակը: Սակայն իրավակիրառ պրակտիկայում հնարավոր է հետագայում անդրադառնալ այդ նախագծին, մասնավորապես` բուժումը տարածել նաև զորավարժությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նկատի ունենալով ՕԵԿ-ին, կարծիքը հայտնեց, թե չի կարելի անընդհատ պարտադրել ցանկություններ, ինչը երկարացնում է քննարկումը: Նա դիմեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: «Այլ խմբակցությունների փոխարեն, ես կասեի, պարո\'ն Նահապետյան, ձեր խմբակցությունում համոզեիք, ավելին՝ ձեր հանձնաժողովում քննարկեիք այս հարցը: Բոլորս էլ համաձայն կլինեինք: Իհարկե, շատ լավ բան է, որ բոլոր զինծառայողների վրա տարածվեր դա, բայց դա չի նշանակում, որ այն օրինագիծը, որն անընդհատ քննարկվել է, հակասության մեջ դնել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ պետք չէ բռնանալ որևէ պատգամավորի կարծիքի վրա, որ իրենք իրավունք ունեն կարծիք հայտնելու, մանավանդ, որ օրենքի նախագիծը վերաբերում է զինծառայողներին: Նա պնդեց, որ արտասահմանում բուժումը պետք է տարածվի ոչ միայն առաջնագծում վիրավորված զինծառայողների վրա:
Բիշարյանի ելույթի ընթացքում պատգամավորներից մեկը միջամտում էր: Բիշարյանը դիմեց նրան. «Կխնդրեի լսեք ինձ, որովհետև իմ խոսքն ավելի մեծ է, քան ձերը»:
Օրենքի նախագծի մյուս հեղինակը` ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, էմոցիոնալ ելույթ ունեցավ, որովհետև, ըստ նրա, տպավորություն է, թե նախագծի հեղինակները դեմ են, որ բոլոր զինծառայողները բուժում ստանան արտասահմանում: Նա նշեց, որ նախագիծը երկարատև քննարկումների ու բանակցությունների ընթացքում է ծնվել, և որ կառավարությունը ոչ թե «ընդդեմ»-ի դաշտում է, այլ՝ «հանուն»-ի:
Պատգամավորը նշեց, որ այս պահին հնարավորությունները այդքանն են, և տա Աստված, որ հետագայում այնպիսի հնարավորություններ ստեղծվեն, որ բոլոր զինծառայողների վրա տարածվի արտասահմանում բուժում ստանալու օրենքը: Հովհաննիսյանը հավելեց, որ այս օրինագիծը մշակելիս հիմքում ունեցել են ռեալիզմը: